Արշակ Սադոյանը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին հոժարակամ վայր դնել վարչապետի լիազորությունները

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն Փաշինյան

Վերլուծությունների, քննարկումների ժամանակը դեռ կգա, բայց այսօր, անկախ ամեն ինչից, անհրաժեշտ է հնարավոր բոլոր քայլերը անել, որ քիչ կորուստներով կարողանանք դուրս գալ այս ծայրահեղ ծանր վիճակից:

Երեք ղեկավարների կողմց հապճեպ ստորագրված այս հայտարարությունը պետք է դիտարկվի միայն, որպես խաղապահների տեղադրման, զինադադարի հաստատմանը ուղղված փաստաթուղթ: Բայց քանի որ այն պարունակում է նաև դրա հետ չկապված այլ դրույթներ, որոնք հետագա ճշգրտումների, փոփոխման, ինչպես նաև իշխանության այլ համապատասխան մարմինների կողմից վավերացման կարիք ունեն, բնական է պետք չի շտապել: Այլ թարմացված կազմով անհրաժեշտ է պահանջել, որ այդ հարցերով առաջիկայում համակողմանի քննարկումներ լինեն:

Նկատի ունենալով թե այդ փաստաթղթի ստորագրումը բողոքի ինչ մեծ ալիք առաջացրեց Հայաստանում և Արցախում: Իսկ դա կարող է հետագա ընդվզումների լուջ պատճառ դառնալ, ուստի անհրաժեշտ է ինչքան կարելի է շուտ այն մեղմել.

Հաշվի առնելով նաև այն, որ խաղաղապահ ուժերը արդեն տեղադրված են, իսկ Ռուսաստանի իշխանությունները խիստ շահագռգռված են ընդլայնելու իրենց ազդեցության լծակները և պատրաստ են հնարավոր բոլոր միջոցներով կանխել պատերազմական նոր բռնկումները.

Եվ համոզված, որ Ձեր համար էլ ընդհանուրի շահը գերակա է և Դուք էլ ի նպաստ հայրենիքի որոշ զոհաբերությունների կգնաք.

Որպես կառավարության խորհրդատվական մարմնի անդամ իմ պարք եմ համարում, տեղեկացնելով դրա մասին հանրությանը, դիմել Ձեզ հետևյալ խորհուրդներով`

1. Առաջարկել Հանրապետության նախագահին ժամանակավորապես իր վրա վերցնել Կառավարության ղեկավարի գործառույթները.

2. Ձեր այդ առաջարկի մասին տեղեկացնել ԱԺ-ի պատգամավորներին և խնդրել նրանց չխոչընդոտել գործընթացին.

3. Հրապարակով հայտնել հանրությանը, որ հանուն մեր ժողովրդի, հանուն միասնակամության պահպանման Դուք հոժարակամ վայր եք դնում Ձեր լիազորությունները:

Արշակ Սադոյան 

Հանրային խորհրդի անդամ

Տեսանյութեր

Լրահոս