«Դատախազը հայտարարեց, որ մոնտաժել են ձայնագրությունները». Վանեցյանի պաշտպանը՝ ԱԱԾ ձայնագրության մասին

ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտելու վերաբերյալ: Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նշենք, որ ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով՝ պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում նախապատրաստելու համար:

«Սակայն դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ արդեն իսկ սկսել էր ձերբակալության իրավաչափության հարցի քննարկումը, այս միջնորդությունը չի միացրել բողոքին և քննում է առանձին: Այսինքն՝ մինչ այս պահը քննվում էր Արթուր Վանեցյանի ձերբակլության իրավաչափության հարցը և դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ այս պահին դեռևս որոշման հրապարակման ժամ հայտնել չեն կարող:

Փաստաբանը լրագրողների հետ զրույցում նաև ներկայացրեց դատական նիստի ընթացում եղած մի դեպքի մասին:

«Այս քննարկման ընթացքում բավականին հետաքրքրական բացահայտումներ եղան, որովհետև այն փաստաթղթերը, արձանագրությունները, որոնք ներկայացվել էին դատարանին, դրանց բովանդակությունը չէր համապատասխանում առնվազն գոնե ԱԱԾ հրապարակած ձայնագրությունների հետ: Եվ մենք ներկայացրել ենք այդ փաստերը, պարզվեց որ, դատախազը հայտարարեց, որ հասարակությանը ներկայացնելիս իրենք են որոշել և, փաստորեն, մոնտաժել են ձայնագրությունները: Այսինքն՝ նա ընդունեց, որ ձայնագրությունները մոնտաժված են»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանը հայտնեց, որ այս ընթացքում մեղադրողների կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, որ կարող էր փաստել, որ Արթուր Անեցյանը որևէ հանցագործության հետ որևէ առնչություն ունի:

«Արթուր Վանեցյանի կասկածանքը նաև զայրույթ է առաջացնում այն իմաստով, որ կասկածանքի բովանդակության մեջ նշված է, որ այս պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքներն են հանձնվել Ադրբեջանի Հանրապետությանը: Այսինքն, իշխանությունները փորձում են, և, փաստորեն, վարույթն իրականացնող մարմինը, Արցախի Հնարապետությունը, մեր Արցախը, մեր հողերը համարում է, որ ընդամենը գտնվել են Արցախի հսկողության տակ: Դրա համար էլ այսպես դյուրին նրանք հանձնել են դա Ադրբեջանի Հանրապետությանը»,- ասաց Սահակյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս