Թեև այն առերևույթ հանցագործության մասին հաղորդում իր չի պարունակում, կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները․ Ոստիկանությունը՝ ԲՀԿ–ական պատգամավորների հայտարարության մասին
Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարության վերաբերյալ, որում վերջիններս տեղեկացնում էին, որ իրենք սպառնալիքներ են ստանում։ Ոստիկանության պարզաբանման մեջ ասվում է․
«Այսօր համացանցում և լրատվամիջոցներով տարածում գտավ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների դիմումը՝ ուղղված ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին։ Դիմումի կապակցությամբ պարզաբանում ենք, որ «Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացվում են Կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1474-Ն որոշմամբ:
Մասնավորապես, նշված որոշմամբ կարգավորվում են քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող անձի, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգերը և պաշտպանության իրականացման հետ կապված այլ հարաբերություններ:
ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1474-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի համաձայն՝ պաշտպանության իրականացման նպատակով քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին` օրենսգրքով սահմանված կարգով: Պաշտպանության միջոցի տեսակն ընտրելիս հաշվի է առնվում անձի առողջական վիճակը՝ անձի առողջությանը հասցվող հնարավոր վտանգը բացառելու կամ այն նվազագույնի հասցնելու նպատակով: Կարգի 12-րդ կետի համաձայն՝ պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումն անհապաղ ուղարկվում է պաշտպանություն իրականացնող մարմին: Այլ կերպ՝ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցի իրականացման համար անհրաժեշտ է քննիչի պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին որոշման առկայություն:
Այսպիսով, ԲՀԿ պատգամավորների անվտանգությունը Ոստիկանության կողմից ապահովելուն ուղղված Ձեր դիմումը պետք է բավարարվի օրենքով սահմանված կարգով քրեական գործ հարուցվելու հարցի լուծման դեպքում՝ քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող անձանց անվտանգությունը ապահովելու համատեքստում:
Քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործ հարուցելու առիթներն են`
1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին.
2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները.
3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս:
ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 31.05.2014 թվականի թիվ ԵԿԴ/0118/11/13 գործի շրջանակներում նշվել է, որ քրեական գործ հարուցելու առիթն այն աղբյուրն է, որտեղից իրավասու պաշտոնատար անձը տեղեկություններ է ստանում նախապատրաստվող, կատարվող և կատարված հանցագործությունների մասին:
Հատկանշական է, որ քրեական գործի հարուցման առիթը պետք է համապատասխանի այնպիսի որոշակի պահանջների և այդ համատեքստում բացառիկ կարևորություն ունի նախապատրաստվող, կատարվող և կատարված հանցագործությունների մասին կոնկրետ տեղեկությունների առկայությունը: Այլ կերպ՝ հանցագործության մասին հաղորդումը որպես քրեական գործ հարուցելու առիթ` իրենից ներկայացնում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի գրավոր կամ բանավոր դիմումը քրեական հետապնդում իրականացնող մարմնին` կոնկրետ հանցագործության տարրեր պարունակող նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվությամբ: Առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց մտնել իրավահարաբերությունների մեջ, կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլի Քրեական գործի հարուցման առիթները պետք է բովանդակեն տեղեկություն հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Միայն այս դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ ստուգելու և քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու որոշում ընդունելու համար: Այսինքն, քրեական գործ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ ոչ թե ցանկացած, այլ միայն հանցագործության մասին արված հաղորդումը (ՀՀ վճռաբեկ դատարան 13.07.2007, թիվ՝ ՎԲ-133/07 գործ):
ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 31.05.2014 թվականի թիվ ԵԿԴ/0118/11/13 գործով նշվել է՝ որպեսզի հաղորդումը հիմք հանդիսնա ՀՀ քր. Դատ օր.-ի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը կայացնելու համար, այն պետք է բովանդակի տվյալներ կոնկրետ հանցագործոթւյան մասին: Քրեական գործի հարուցման նախապատրաստական փուլում կոնկրետ հանցագործության մասին մատնանշող փաստերի գնահատումը վարույթն իրականացնող մարմնի հանրային իրավական պարտականությունն է: ՀՀ վճռաբեկ դատարանը 30.03.2016 թվականի թիվ ԵԿԴ/0154/11/14 գործով վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները՝ արձանագրում է, որ հանցագործության մասին հաղորդումն իրավաբանական փաստ է, որն առաջացնում է այն ստուգելուն և լուծելուն ուղղված դատավարական իրավահարաբերություններ: Հաղորդումը` որպես քրեական գործ հարուցելու առիթ, պետք է համապատասխանի որոշակիության բովանդակային չափանիշին, մասնավորապես` բովանդակի տեղեկություն կոնկրետ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Նշվածը, սակայն, չի ենթադրում, որ քննարկման և լուծման ենթակա է միայն այն հաղորդումը, որը պարունակում է քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր: Հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունները կարող են բավարար լինել այն քննարկելուն, ստուգելուն և լուծելուն ուղղված օրենսդրական կարգավորումները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներ) գործողության մեջ դնելու համար, եթե ողջամիտ հավանակություն կա, որ դրանց ստուգման արդյունքում կարող են հայտնաբերվել, այլ ոչ թե հաստատապես հայտնաբերվելու են քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քննարկված չափանիշին համապատասխանող յուրաքանչյուր հաղորդում առաջացնում է վարույթ իրականացնող մարմնի պարտականությունը դրա կապակցությամբ կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը:
Այս առումով Ձեր կողմից ներկայացված հայտարարության տեքստը թեև առերևույթ հանցագործության մասին հաղորդում իր մեջ չի պարունակում, այդուհանդերձ Ոստիկանության կողմից օպերատիվ կերպով կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները նշված տեղեկությունը ճշտելու, հստակեցնելու, այն որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու կամ չընդունելու հարցը լուծելու ուղղությամբ, որի արդյունքում արդեն հնարավոր կլինի լուծել քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող անձի (անձանց) կամ օրենքով սահմանված դեպքերում պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներ կիրառելու կամ այդպիսիք չկիրառելու վերաբերյալ հարցը: