Առգրավել են բոլոր կրիչները, համակարգիչները. «Ադեկվադ» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Ադեկվադ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Այսօր 16:30-ի սահմաններում «Ադեկվադ» կուսակցության գրասենյակ և զուգահեռաբար միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանի բնակության վայր ներկայացել են վարույթ իրականացնող մարմնի անհամաչափ մեծաքանակ ներկայացուցիչներ՝ խուզարկություն իրականացնելու նպատակով:

Արթուր Դանիելյանի դեմ գործ հարուցելու համար հիմք են հանդիսացել նրա հետևյալ խոսքերը. «Ես հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր երկու տարի շարունակ կազմաքանդել են պետությունն ու բանակը, ստեղծել են այն իրավիճակը, որում մեզ թելադրել են կապիտուլյացիա, ու հիմա այդ բեռով ապրում են: Այս ուղերձով ես հիմա ձեր բեռն եմ ուզում թեթևացնեմ. երկար դուք չեք ապրելու»:

Դատարանի՝ խուզարկություն իրականացնելը թույլատրող որոշման մեջ առկա է լայն և լղոզված ձևակերպում, համաձայն որի թույլատրվում է առգրավել բացի որոշակի նշված առարկաներից, նաև «հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ»:

Ըստ էության այս ձևակերպումը կամայականություն ցուցաբերելու լայն դաշտ է տրամադրում: Վարույթ իրականացնող մարմինը որոշում է կայացրել առգրավել գրասենյակում առկա բոլոր տեսակի կրիչները, այդ թվում՝ համակարգիչները, ինչի արդյունքում ընդդիմադիր կուսակցության բնականոն գործունուեթյունը կանգնել է կաթվածահար լինելու ռիսկի առջև: Սա ակնհայտորեն անհամաչափ է Արթուր Դանիելյանին ներկայացված ոչ մեծ ծանրության հանցագործության մեղադրանքին, որի համար նախատեսվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով ազատազրկում։

Տեսանյութեր

Լրահոս