Հայ զինվորը «Կալաշնիկովով» էր ԱԹՍ-ի դեմ կանգնած, նրանք դա չգիտեի՞ն, ինչո՞ւ տարան մեր երեխաներին նահատակության. Արա Սահակյան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին ձերբակալելու որոշման իրավաչափության հարցը։ Դատարանի բակում են հավաքվել նրա աջակիցները։
ԱԺ նախկին փոխխոսնակ, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը նշեց, թե թերհավատ մեկը կարող է կարծել, որ եկել են միայն պաշտպանելու «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ինչպես նաև ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, մինչդեռ, ըստ նրա, յուրաքանչյուրս ենք «բանտարկված» և բոլորիս հերթը հասնելու է: Այնուհետ նա նկատեց, որ Կարսի օրինակով դավաճանական գործողությունների զոհ դարձավ Շուշին:
«100 տարի անց պատմությունը կրկնվում է»,- շեշտեց նա՝ հավելելով, որ 5-25 տարի առաջ մարդիկ դժգոհում էին իրենց վատ կյանքից, ընտրությունների արդյունքների կեղծումից, էլցանցերի սեփականաշնորհումից, անարդարությունից, ինչը ճիշտ էր, սակայն վաղը կկարողանանք լավ ընտրություններ կազմակերպել, արդար հասարակություն ստեղծել, բայց հարց է՝ արդյո՞ք կկարողանանք հետ բերել կորցրած հողերը:
«Հայ զինվորը «Կալաշնիկովով» էր ԱԹՍ-ի դեմ կանգնած, երբ կրակ էր թափվում երկնքից, նրանք դա չգիտեի՞ն, թե ինչպիսին էր մեր սպառազինությունը, ինչո՞ւ տարան մեր երեխաներին նահատակության: Միթե մենք իրավունք չունե՞նք պահանջելու վատ իշխանությունների փոփոխություն: Բոլոր երկրների սահմանադրություններում և օրենքներում նախատեսված է և՛ հարկադիր պաշտոնանկություն, և՛ կամավոր: Բացառիկ բան է եղել մեր երկրի կյանքում. 30 տարվա ազգային ազատագրական շարժման պտուղները քամուն են տրվել, իմ սերնդի հազարավորների թափած արյունը դարձրել է առոչինչ: Մենք հիմա իրավունք չունե՞նք պահանջելու նոր իշխանություն: Հարցնում են՝ ով պիտի գա իշխանության, հենց առաջին հարցնողը թող գա»,-եզրափակեց Արա Սահակյանը: