ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը

Նախօրեից համացանցում լայն տարածում են ստանում որոշ լրատվական միջոցների և ֆեյսբուքյան օգտատերերի կողմից շրջանառության մեջ դրված մի շարք ակնհայտ և, ամենայն հավանականությամբ, ուղղորդված կեղծ պնդումներ, որոնք միտված են ստվեր նետելու ՀՀ պաշտպանության նախարարության հեղինակության վրա։ Առանձնապես չխորանալով մեկնարկած կեղտոտ տեղեկատվական արշավի նպատակների ու կիրառվող գործիքակազմի ընտրության մեջ և դա թողնելով իրավապահ մարմինների գործառույթներից բխող գործողություններին, հարկ ենք համարում պատասխանել այդ հրապարակումներում ներկայացվող մի շարք դրույթների.

1. Ներկայացվում է, թե իբր ՀՀ պաշտպանության նախարարությունը, մասնավոր ընկերության միջոցով զենք ու զինամթերք է վաճառել Թուրքիային, որտեղից այն հայտնվել է Սիրիայում գտնվող թուրքամետ ահաբեկիչների ձեռքում։

Բացահայտ և լկտի սուտ է. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, որևէ խողովակով, երբևէ, որևէ տեսակի զենք կամ զինամթերք չի վաճառել Թուրքիայի Հանրապետությանը։ Հրապարակման մեջ նշված փաստաթղթերի հիմնական մասը մեկնաբանվում է խեղաթյուրված կերպով, և հենց այդ խեղաթյուրման վրա էլ կառուցվում է շրջանառվող ապատեղեկատվությունը։

2. Ներկայացվում է, թե իբր անհայտ պատճառներով ՀՀ պաշտպանության նախարարությունը 3.5 միլիոն դոլարի փոխառություն է տվել մասնավոր մի ընկերության, որի ղեկավարն ընկերական հարաբերություններ ունի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։

Բացահայտ և լկտի սուտ է. պաշտպանության նախարարությունն այդ փոխառությունը տվալ ընկերությանը հատկացրել է երրորդ երկրից Հայաստան սպառազինության մատակարարումների շարունակականությունն ապահովելու նպատակով։ Ընդ որում, փոխառությունը հատկացնելու պահին տվյալ ընկերությունն արդեն իսկ մատակարարել էր պատվիրված սպառազինության մի մասը, որի արժեքն ավելին էր, քան տրված փոխառությունը։ Իսկ գործարքի ընդհանուր արժեքը բազմապատիկ ավելին էր, քան նշված փոխառության չափը։

Ի դեպ, աչքի առաջ ունենալով պետական գերատեսչության պաշտոնական գրությունների փաստացի արտահոսքի երևույթը, չափազանց ուշագրավ է դառնում հանգամանքը, որ նշված փաստաթղթերը, դեռևս 2018թ.-ին, ուսումնասիրության համար, առգրավված են եղել պետական այլ կառույցի կողմից։

3. Նշվում է, թե իբր պատերազմի մեկնարկին, մասնավոր ինչ-որ անձինք պաշտպանության նախարարությանն առաջարկություն են արել 300 դոլար արժեքով Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերել զրահաբաճկոններ, բայց պաշտպանության նախարարությունը մերժել է այդ առաջարկը, հետո, մասնավոր մեկ այլ ընկերության միջոցով, ձեռք բերել նույն զրահաբաճկոններն ավելի քան 1000 դոլար արժեքով։

Բացահայտ և լկտի սուտ է. ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ և ՌԴ ստորագրված համապատասխան պայմանագրերով, ռուսական արտադրության զենքը, զինամթերքն ու սպառազինությունը ձեռք է բերում Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության համար սահմանված արտոնյալ գներով։ Հետևաբար՝ նույնիսկ տեսականորեն բացառվում է իրավիճակը, երբ որևէ անձ, կամ կազմակերպություն կարող է ՀՀ ՊՆ-ին առաջարկել ռուսական արտադրության զենք, զինամթերք կամ սպառազինություն, որի արժեքը կլինի ավելի ցածր, քան պետականորեն առաջարկվողը։

Կոնկրետ այս դեպքում նշված զրահաբաճկոնները, ինչպես նաև համապատասխան զրահասաղավարտները, խիստ սահմանափակ քանակությամբ, նույն՝ ՌԴ պետական կառույցների միջոցով, ձեռք են բերվել բացառապես հատուկ ստորաբաժանումների համար՝ մարտական բարդ խնդիրներ կատարելու նպատակով։

Դրանք, թե՛ իրենց որակական և թե՛ գնային առումներով էապես տարբերվում են համազորային զրահաբաճկոններից ու զրահասաղավարտներից։

Ավելին. դրանց որակական հատկանիշները, մինչև ձեռքբերումը, ստուգվել են ՀՀ ՊՆ մասնագիտական հանձնաժողովի կողմից, որը, մանրակրկիտ փորձաքննությունների արդյունքում տվել է դրական գնահատական (հանձնաժողովի արձանագրությունն առկա է), ինչից հետո միայն իրականացվել է գործարքը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ակնհայտ ուղղորդում ունեցող այս և նմանատիպ այլ կեղծիքների ու տեղեկատվական մանիպուլյացիաների տարածումը, դա գնահատում որպես երկրի անվտանգության հիմքերը խաթարելուն միտված հանցավոր գործունեություն և դրանք տարածող լրատվամիջոցներից պահանջում իրենց ԶԼՄ-ներում տեղադրել հերքումներ, իսկ համախատասխան իրավապահ մարմիններից ակնկալում օպերատիվ արձագանք՝ փաստաթղթերի արտահոսքի հեղինակներին, տեղեկատվական արշավի կազմակերպիչներին ու տարածողներին բացահայտելու, նրանց նպատակները պարզելու և համարժեք իրավական գործընթացներ նախաձեռնելու հարցում։

Տեսանյութեր

Լրահոս