Պատգամավորները ստանում են անձնական հաշվեհարդարի ենթարկվելու սպառնալիքներ.Տոնոյան

«Մենք մշտապես ասել ենք, որ վախենալու որեւէ բան չունենք, սակայն քանի որ ուղղորդված գործընթացների ականատեսն ենք դառնում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները, նրանց ընտանիքի անդամներն օրեր շարունակ անձնական հավեհարդարներ իրականացնելու տարբեր տեսակի սպառնալիքներ են ստանում»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգվաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նա հավելեց, որ դիմել են ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին, որպեսզի գործընթացն իր ուշադրության ներքո գտնվի և որպեսզի իրավապահ մարմիններն իրականացնեն համապատասխան քննություն.

«Կարծում եմ՝ պարոն Ղազարյանը հետամուտ է լինելու մեր նամակին, և որևէ բան որևէ մեկին չի պատահելու: Քանի որ այս տեղեկատվությունները մեզ հասանելի են դառնում՝ մեզ հետ կապված կոնկրետ զինված բանդաների իջեցվել է հրահանգ՝ անձնական հաշվեհարդարներ տեսնելու, այս մասով ասում ենք, որ եթե հանկարծ մեզնից որևէ մեկի հետ, մեր խմբակցության պատգամավորներից որևէ մեկի հետ կամ մեր ընտանիքի անդամների հետ որևէ բան պատահեց, դրա միակ պատասխանատուն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է լինելու»:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է ԱԱԾ-ում գտնվող մահափորձի և իշխանության յուրացման քրեական գործում հետագայում ԲՀԿ-ական պատգամավորների ներգրավման հավանականությունը՝ հաշվի առնելով պայքարի հարթակում համագործակցությունը, Իվետա Տոնոյանը պատասխանեց.

«Իշխանության գործողությունների մեջ ես վաղուց դադարել եմ որևէ տրամաբանություն փնտրել, ես որեւէ բան չեմ բացառում ընդհանրապես, մանավանդ, որ էստեղ գործ ունենք շատ հախուռն և մեկ կենտրոնից կառավարվող հրահանգների հետ: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ սրանք բացառապես քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու փորձեր են: Մենք բազմիցս ասել ենք, որ, այո՛, օրենքի առաջ հավասար են բոլորը, բայց երբ մենք տեսնում ենք, որ մեկ-երկու օրվա ընթացքում քաղաքական բոլոր 16-17 կուսակցությունների առաջնորդների դեմ տարբեր տեսակի քրեական գործեր են հարուցվում, տարբեր մեղադրանքներ են առաջադրվում, սա մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ դրանց իրավական հիմնավորվածությունը և հիմքը բացարձակ զրո է, և որ դրանք բացարձակապես շինծու մեղադրանքներ են, շինծու իրավական գործընթացներ են, որոնցով իշխանություններն ընդամենը փորձում են լռեցնել իրենց քաղաքական ընդդիմախոսներին:

Սակայն մեկ-երկու-երեք-տասը, անգամ հիսուն քաղաքական գործիչների կալանավորելով, տարբեր տեսակի քրեական գործեր սարքելով նրանց դեմ՝ իշխանություններին չի հաջողվելու լռեցնել այն հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին, որոնք այսօր իրենց արդարացի բողոքի ձայնն են բարձրացնում: Միևնույն է՝ համաժողովրդական ցասումի ալիքն արդեն անկասելի է և պայքարը շարունակվելու է: Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումն այլեւս չունի որևէ այլընտրանք»:

Արձագանքելով իրենց ընդդիմախոսների այն դիտարկումներին, թե իրենք ստեղծված իրավիճակից ելքերի քարտեզ չեն ներկայացնում, պատգամավորը նշեց, որ վաղը ժամը 17:00-ին Ազատության հրապարակում 17 քաղաքական ուժերը հանրահավաքի ընթացքում կներկայացնեն ճանապարհային քարտեզը և հետագա անելիքները.

«Կարծում եմ՝ այս ամենի առանցքում թիվ մեկ հարցը, որի մասին մենք խոսել ենք, պետք է եւս մեկ անգամ վերահաստատենք՝ որեւէ քաղաքական ուժ այսօր իշխանության համար չի պայքարում: Մենք ասել ենք, որ վտանգված է մեր հայրենիքի անվտանգությունը, Արցախի մնացած այն փոքրիկ հատվածի անվտանգությունը, և Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՀՀ վարչապետ, այլևս զրկված է և՛ բարոյական, և՛ իրավական իրավունքից՝ լինել Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորը:

Այստեղ առանցքային հարցը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է. Անձերի, կառավարության հետագա կազմի կամ վարչապետի թեկնածուի հետ կապված հարցերը ոչ թե երկրորդական, այլ հարյուրերորդական են: Այստեղ գերխնդիրը Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող Նիկոլ Փաշինյանի գործոնի շարունակությունն է»։

Տեսանյութեր

Լրահոս