Վերջնականապես բացահայտված եք
Ձեր խմբակը մեր երկրում տիրացավ իշխանությանը: Իշխանազավթումը հավասարեցրիք ԱՐՑԱԽԻ ազատագրմանը, մեր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ:
Ձեր իշխանության պարտվողական առաջնորդությամբ թուրքը տիրացավ մեր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, կրեցինք սարսափելի պարտություն, ունեցանք հազարավոր ՀԵՐՈՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐ: ԽՈՆԱՐՀՈՒՄՍ ՆՐԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌԱՋ:
Ձեր իշխանության հիվանդ բանաձևն ի սկզբանե հայտնի է, որն ունի ժողովրդավարական կեղծ փաթեթավորմամբ այսպես կոչված ծրագրային զետեղում:
Ոչ թե մեկ օրում, այլ այս բանաձևի տևական ու հետևողական գործադրմամբ հանձնեցիք մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ և հայ ժողովրդին կանգնեցրիք գոյատևման խնդրի առաջ:
Իշխանական մարդակեր այս բանաձևի կոնկրետ դրսևորումներին և հետևանքներին անդրադարձել ենք պարբերաբար, երկուսուկես տարի: Լավ գիտեք: Ներկայացրել ենք բազմաթիվ խնդիրներ, իրական մտահոգություններ, սրտացավ առաջարկներ:
Բայց ապարդյուն: Դուք անդրդվելի մեծամիտ եք, քանդարար եք, պառակտող: Որևէ կերպ չեք տեղավորվում կառուցողական դաշտում: Ձեր պատկերացումները սկսվում և ավարտվում են օդից ընկած ձեր աթոռներով: Դուք օրերի ընթացքում սերտաճել եք մանկուց երազած ձեր աթոռների հետ: Սարսափում եք դրանք կորցնել, քանի որ դրանից հետո լինելու է առարկայական պատասխանատվություն: Մանրամասն պատճառների մասին դեռ առիթ կլինի խոսելու:
Ապազգային ձեր բանաձևը հավաքական կերպով հետևյալն է.
ա. առանց գաղափարական և ծրագրային հենքի, համատարած ԷՖՈՐԻԱՅՈՎ առիթավորված, ՍՈՒՏ խոստումներով՝ 70 տոկոս գողացված քվե, իշխանության բոլոր թևերի զավթում, բռնատիրության հաստատում,
բ. «մենք ժողովուրդն ենք, աստծուն հավասար, չենք սխալվում, ամենագետ ենք», «ինչ ուզում, անում ենք», «հանգիստ նստեք տեղներդ» մետեցումներով սանձարձակ վարքագիծ,
գ. համակարգային կառավարման և մասնագիտական նվազագույն ներուժի բացակայություն, բացարձակ ապաշնորհություն, հետևանքը՝ ամենօրյա ձախողումներ, խոսքի և գործի խորացող խզում, իրավիճակի ընտրողական ներկայացում, հանրային կարծիքի մանիպուլիացիա, պետական համակարգմամբ բանսարկություններ, ստի և կեղծիքի տարածում,
դ. լիակատար անպատասխանատվություն,
ե. իրենց խմբակից դուրս մեղավորներ ձևակերպելու համակարգված հետևողականություն՝ նախկիններ, սատանաներ, դատարաններ, ռևանշիստներ, իրեն աղքատ պատկերացնող քաղաքացիներ, ընդդիմանալու համարձակություն ունեցողներ և այլն,
զ. ազատ խոսքը և ընդդիմադիր կարծիքը լռեցնելուն ուղղված պետական համակարգված ահաբեկչություն պետական ֆինանսավորմամբ,
է. հանրային կառուցողական քննարկումների լիակատար փոխարինում՝ ընդդիմախոսների նկատմամբ ֆեյքային հարձակումներով, հիվանդագին հոխորտանքներով, զրպարտանքներով, կեղծ և անպտուղ օրակարգերով,
ը. հանրության կյանքում դասական խտրականության և բաժանարարների հետևողական խորացում, հանրային ներուժի ջլատում և համերաշխության փոշիացում՝ սև-սպիտակ, հին-նոր, քայլական-չքայլած, շարիկ գլորող չինովնիկներ, աղքատի հոգեբանություն ունեցողներ և այլն:
Իհարկե, անկյունաքարայինը պատերազմական 45 օրերին «իշխանությունների» իրականացրած գործողությունների քննությունն է և անխուսափելի պատասխանատվության հարցը:
Հավաքական պատասխանատվությունից զատ, քննարկման առարկա պետք է դառնա ոլորտային պատասխանատվությունը: Յուրաքանչյուր գործող «նախարար», կրում է առանձնացված պատասխանատվություն իր ղեկավարած ոլորտի համար՝ հատկապես պատերազմի ընթացքում:
Երկուսուկես տարի աշխատեց իշխանության կործանարար բանաձևը, որի հետևանքները կուտակվեցին օր-օրի և ի վերջո բերեցին ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ սարսափելի ողբերգությանը:
Հիմա ու՞ր եք: Ինչո՞վ եք զբաղված: Այսօր մեր երկրում իրական կառավարությունը պետք է աշխատեր 24/7 ռեժիմով: Չնայած՝ ձեր անգործությունը երկրի իմաստով անհամեմատ անվտանգ և արդյունավետ է՝ մնացած բոլոր դեպքերի համեմատ:
Բավականին վաղուց ձեր խմբակից սատանա էր փախել: Մտահոգել էր ձեր վոժդին: Փնտրում էիք: Կարող է՞ գտել եք արդեն՝ պատերազմական օրերին:
Եթե չեք գտել, ապա մենք կգտնենք: Հանձնելու ենք ԱՍՏԾՈ ԴԱՏԻՆ …
Հեռացեք արագ, անհետ և անհետևանք: Դա կդառնա ձեր միակ արդյունքը: Հակառակ դեպքում կհեռանաք՝ առանց որևէ արդյունքի:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ