Գնանք դեպի Ազատության հրապարակ, մեր ներսում վառվող մոմի լույսից բաժին հանենք մեր արդեն սրբազան նահատակներին․ Մերուժան Տեր-Գուլանյան
Հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը 168.am-ի հետ զրույցում կոչով դիմեց հայրենակիցներին՝ ասելով․
«Ազգուրացության ծանր ամպը չոքել է բոլորիս վրա։ Սրբազան Շուշին չկա, Արցախը բզկտված է, որոնց պաշտպանության համար հազարավոր զոհեր տվեցինք։ Նահատակվեցին մեր զավակներն ու եղբայրները, որոնց շիրիմները դեռ թաց են։ Հերոսաբար զոհվեցին երիտասարդներ, ովքեր դեռևս չէին հասցրել ճանաչել, թե ինչ բան է սիրելի աղջկա համբույրը։ Նրանք այլևս երբեք չեն ուրախանալու իրենց հարսանիքներում, քանզի ամուսնացան հավերժության հետ։
Այսօր Ազատության հրապարակում ազգային մոմավառություն է, և մենք՝ ապրողներս, ում մեջ առկայծում է կենդանի մոմի լույսը, գնանք դեպի Հրապարակ, մեր ներսում վառվող մոմի լույսից բաժին հանենք մեր արդեն սրբազան նահատակներին։ Վառենք մեր մոմը՝ որպես մխիթարություն, և համընդհանուր լույսով ցրենք դավաճանության խավարը և լույսի մեջ ճանաչենք իրար ու չմնանք պարտված ու գլխիկոր, քանզի մեր նահատակների հոգիները մեզ հուշում են՝ վրեժխնդիր լինել թշնամուց ու ազգուրացներից։ Ուստիև, վառենք մեր մոմը և խոնարհվենք մեր զավակների և եղբայրների շիրիմների առջև, թող նրանց շիրիմներին լույս իջնի»։
Նշենք, որ նոյեմբերի 14-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում կմեկնարկի հայրենիքի համար նահատակված սուրբ հերոսների հիշատակի մոմավառության երթը։ Լռության և խոնարհումի ոգեկոչման արարողությունը կեզրափակվի Մատենադարանի մոտ, ուր կմատուցվի հոգեհանգստի կարգ։