Գործողությունների պլան․ Արա Զոհրաբյանի հայտարարությունը

Հ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ․ Ստեղծված ստրկացուցիչ և կործանարար վիճակից դուրս գալու համար, իմ կարծիքով, պետք է կատարել հետևյալ քայլերը՝

1) վարչապետ Նիկոլ Փաշինյանը տալիս է հրաժարական.
2) ձևավորվում է ժամանակավոր կառավարություն.
3) Ժամանակավոր կառավարությունը Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված համաձայնագրի դրույթները համարում է անվավեր, բացառությամբ համաձայնագրի 1-ին կետի (հրադադարի պահպանման), 3-րդ կետի (ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման) և 8-րդ կետի (ռազմագերիների, ձերբակալվածների և մահացածների փոխանակման).
4) Ժամանակավոր կառավարությունը օգտագործելով Հայաստանի բոլոր հնարավոր ռեսուրսները և մարդկանց, բանակցում է Հայաստանի և Արցախի համար առավել արժանապատիվ վիճակ ստեղծելու համար:

Հնարավոր կանխատեսումները՝

– Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականով կարող է մաքրվել, եթե այս նոր գործընթացով Հայաստանը և Արցախն ավելի լավ լուծում ստանան: Հայրենասեր լինելու դեպքում, վարչապետը չի կարող այս հնարավորությունից չօգտվել:
– Եթե այս ստրկացուցիչ պայմաններով գործարքն իրականանա, ապա հայ-ռուսական հարաբերությունները կտուժեն:
– Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթով Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վնասի հատուցման (մոտ 50 միլիարդ դոլարի) պահանջ է ներկայացնելու, քանի որ Նիկոլ Փաշինյանը համաձայնագրի տեքստում օգտագործել է «Հայաստանը վերադարձնում է Աղդամի, Քելբաջարի, Լաչինի տարածքները» բառերը: Եթե օրինակ, դրա փոխարեն նշվեր, որ Հայաստանը ապահովելու է, որ Արցախը կվերադարձնի այդ տարածքերը, ապա այդ խնդիրը չէր լինի:
– Համաձայնագրում մինչև նոյեմբերի 15-ը վերադարձնելու համար, որպես առաջին տարածք, դիտավորյալ նշվել է Քելբաջարը, որն անառիկ է մնացել և Հայաստանին ու Արցախին կապող հուսալի միջոցն է: Այս տարածքը հանձնելու դեպքում, համաձայնագիրն անխուսափելիորեն կիրագործվի:
– Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը մոտ ապագայում հանգեցնելու է պատերազմի՝ Արցախ վերադարձած ադրբեջանցիների հակահայ կեցվածքի, Հայաստանի տարածքում Ադրբեջան-Նախիջևան կապի ապահովման, Արցախի ինքնորոշման անորոշ ապագայի առիթներով:
Հիշեցում պաշտոնատար անձանց՝
– Իրավապահ մարմինների, Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների կողմից Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի իրագործմանը նպաստելը նրանց ուսերին է դնում ողջ պատասխանատվությունը և դարձնում է համաստորագրողներ:
– Հրաժարական ներկայացրած կամ իրենց հստակ մերժողական կեցվածքն արտահայտած պաշտոնատար անձինք համաստորագրող չեն համարվի:
– Իրավապահ մարմինների պաշտոնատար անձինք (այդ թվում՝ ոստիկանները) պետք է հիշեն, որ սա սովորական ներքաղաքական վիճակ չէ և քաղաքացիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխան են տալու օրենքի ամբողջ խստությամբ, ինչպես նաև համարվելու են Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի համաստորագրողները»:

Տեսանյութեր

Լրահոս