«Ուզում էին պարզել՝ 2016-ին ինչն այնպես չէր արվել, սկսեցին գեներալներին՝ Մնացականյանին և այլոց հեռացնել, ես ասացի՝ պատերազմի շեմին ի՞նչ եք անում, այդպես Ստալինը վարվեց 1941 թվականին»․ Նորատ Տեր-Գրիգորյանց

1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը Ռուսաստանից մեծ անհանգստությամբ է հետևել Արցախյան պատերազմին, տարբեր խողովակներով, տարբեր մարդկանց միջոցով փորձել խորհուրդներ փոխանցել հայկական ԶՈՒ-ին և ՊԲ-ին, իսկ եռակողմ համաձայնությունն ընդունել մեծ ցավով։ 168am-ի հետ զրույցում լեգենդար գեներալն ասաց՝ կարծում էր, թե Հայաստանից այլևս իրեն  չեն զանգահարի, իր կարծիքը տեղի ունեցածի մասին չեն հարցնի, քանի որ իր խորհուրդներն այլևս հարկավոր չեն պատերազմի ավարտից հետո։

Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ զրույցը երկար չտևեց, որպես իսկական զինվորական սառնասրտությամբ, սակայն ցավով ասաց, որ պատերազմ է՝ մեկը հաղթում է, մյուսը՝ ոչ, 1990-ական թթ. հայկական կողմը հաղթեց, այսօր՝ նրանք, սակայն սա ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի հաղթանակն է, ինչը շատ բացասական հանգամանք է Ռուսաստանի համար, քանի որ Թուրքիան ներխուժեց Անդրկովկաս։ Իսկ ռազմաճակատում, հայ ռազմաքաղաքական գործչի խոսքով, ուժերը հավասար չէին, քանի որ փոքրիկ Արցախը՝ իր 20 հազարանոց բանակով, պատերազմում էր միանգամից մի քանի հզոր և հարուստ երկրների դեմ։

Նա նշեց, որ զինվորականները հերոսաբար, ամենաբարձր ձևով պաշտպանել են սեփական հայրենիքը, իսկ շրջանները, նրա խոսքով, կարելի էր վաղուց տալ, սակայն պետք էր լավ պայմանավորվել, և, որպեսզի այնտեղ լինեին կարգին մարդիկ, ոչ թե հանցագործներ, բանակ՝ զինված ուժեր, ևս չպետք է լինի այնտեղ, բայց չպայմանավորվեցին, և տեղի ունեցավ սա։

«Այդ տարածքներն ավերված են, Լաչինը, Հադրութը և Քարվաճառն էին նորմալ վիճակում։ Ադրբեջանն ինքն է մշտապես ռմբահարել այդ բնակավայրերը, օդաչուներն իրենց կողմից ուկրաինացիներ էին առաջին պատերազմի ընթացքում ու անընդհատ ռմբահարում էին, մենք ավիացիա չունեինք, իսկ հիմա Ալիևը Հայաստանին գումարի փոխհատուցման պահանջ է ներկայացնում, սուտասան ու սրիկա է եղել, ու մնում է  այդպիսին։ Իսկ հայերը, ինչպես նուրբ ու անատամ էին, այդպես էլ մնացին։ Նրանք իրենց ռմբահարեցին, ավերեցին, հիմա հայերից են պահանջում։ Իսկ այն, որ ողջ Շահումյանի շրջանը գրավեցին, հայկական ամեն ինչը վերցրին, գումարներ վերադարձրե՞լ են այդ մարդկանց։ Իսկ 5 գյուղեր՝ առանց ոչնչի, ավերել են, ասում են՝ հայեր, փոխհատուցեք, նայեք՝ ինչպես է աշխատում Հայաստանը, ինչպես՝ իրենք։ Հիմա ստորագրեցին, դե ճիշտ է արել, որ վարչապետը ստորագրել է ՌԴ նախագահի շնորհիվ, այո»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ ակնարկելով, որ այդ փուլում այլևս այլ ելք չի եղել։

Հայազգի գեներալը նշեց․ «Պրոֆեսիոնալներին չէին լսում, Աստված պատժեց նրան (ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանին։- Ա․Մ․)։ Պարզապես մեղք է մեր ժողովուրդը, մեր զինվորները, մեր սերժանտները, հրամանատարները, գեներալները․ նրանք պատերազմել են ու պատվով, արժանապատվությամբ իրենց պարտքը կատարել, պաշտպանել են, բայց առավելությունը հակառակորդի կողմն էր, նրանք ավելի հարուստ են, ավելի հագեցած, ողջ աշխատանքը կազմակերպում էր Թուրքիայի ԳՇ-ն, եթե Ադրբեջանը միայնակ սկսեր պատերազմ, երբեք, երբեք չէր հաղթի»։

Գեներալ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ բազմիցս փորձել է խորհրդատվական ծառայություն մատուցել ՊՆ-ին, փորձել հանդիպել հատկապես վերջին տարիներին, սակայն որևէ  դրական արձագանք չի  ստացել։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ, նրա խոսքով, կանխատեսելի էր, Նախիջևանում ինտենսիվ թուրք-ադրբեջանական  զորավարժություններ էին տեղի ունենում, խոսել է այդ մասին, ուշադրություն է հրավիրել, ասել, որ Թուրքիայի նպատակն է՝ իրագործել իր Մեծ Թուրանի գաղափարը, որի ճանապարհին կարևոր են Զանգեզուրը, հետո՝ նաև Երևանը։

Ըստ նրա, Թուրքիայի ամրապնդումը Ռուսաստանի համար լավ չէ, քանի որ Ռուսաստանի համար Հարավում Հայաստանն է, ինչպես արևմուտքում՝ Բելառուսը, ու այս գոտում Թուրքիայի ռազմաքաղաքական դերի մեծացումը լուրջ խնդիր է Ռուսաստանի համար։

«Առաջիկայում որևէ կողմի համար անցանկալի է պատերազմ, քանի որ այն լինելու է Հայաստանի հետ, իսկ դա նշանակում է՝  պատերազմել ՀԱՊԿ անդամի հետ և հարձակում առավելապես Ռուսաստանի վրա, դա կլինի համաշխարհային պատերազմ։ Իսկ ՀԱՊԿ-ը մեծ դեր չի կարող ունենալ, քանի որ իսլամական երկրներ կան դրա կազմում՝ Ադրբեջանին և Թուրքիային բարեկամ, որոնք իրեն թուրանական միացյալ ՀԱՊԿ-ն են ցանկանում ստեղծել»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Հարցին` արդյոք պատերազմի այսպիսի ավարտից հետո ՊՆ ղեկավարը պե՞տք է շարունակի պաշտոնավարել, Նորատ Տեր-Գրիգորյանցը պատասխանեց, որ նախարարն «անկիրթ զինվորական է, անշնորհք գործիչ», թեև եղել է փոխնախարար, մի քանի տարի՝  ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ։

«Հաշվի առնելով նրա աշխարհայացքը, մտածողությունն ու տրամաբանությունը, գիտելիքները՝ ես նրան մոտ չէի թողնի ԶՈՒ կառավարմանը, դա իմ անձնական  կարծիքն է, ես նրան չեմ վիրավորում՝ որպես մարդ, նա լավ մարդ է, սակայն ռազմական մասնագիտական առումով նա վնասակար անձ է»,- ասաց գեներալը՝ շարունակելով, որ  ինքը շատ հարցերում այլ կերպ կվարվեր, բայց չուներ իշխանություն, և իր հուշումները փորձել է տեղ հասցնել այլ տարբեր մարդկանց միջոցով։

Նրա խոսքով՝ այս ամենից հետո ռազմական առումով քննարկելու, վերլուծելու շատ բան կա, գործ չէր արվում, շատ էին խոսում՝ կգնանք մինչև Բաքու, գովերգում էին, այնինչ ռազմական գործում գովերգելը, անշնորհքությունը մահ է, պատերազմի բոլոր կանոնների խախտումը մահ է։

«Նրանք ուզում էին պարզել, թե 2016 թվականին ինչն այնպես չէր արվել, իսկ հետո  սկսեցին գեներալներին՝ Մնացականյանին և այլոց հեռացնել, իսկ ես ասացի՝ ի՞նչ եք  անում, Դուք պատերազմի շեմին եք, և ի՞նչ եք անում, պատերազմին մի քանի ամիս է մնացել, պատերազմ է լինելու, Դուք հեռացնում եք գեներալներին ու  սպաներին, ի՞նչ եք  անում, այդպես Ստալինը վարվեց 1941 թվականին, երբ  Ֆաշիստական Գերմանիայի հետ պատերազմի շեմին հեռացրեց բանակի կորպուսների, դիվիզիաների հրամանատարներին, իսկ հետո գերմանացիները Մոսկվայի տակ հայտնվեցին։ Նրանք չլսեցին, և այսպիսի պատիժ եղավ։ Ժողովուրդն է մեղք»,- ասաց գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Տեսանյութեր

Լրահոս