Բաժիններ՝

Իսպանիայում տուգանելու են առանց COVID-19-ի բացասական թեստի ժամանողներին

Համաճարակաբանական առավել բարդ իրադրություն ունեցող երկրներից Իսպանիա ժամանող ճանապարհորդները բացասական ՊՇՌ-թեստի բացակայության դեպքում տուգանք են վճարելու մինչեւ 6 հազար եվրո: Այդ մասին հայտնել է երկրի ԱԳ նախարար Արանչա Գոնսալես Լայան:

Նոյեմբերի 23-ից համաճարակաբանական առավել բարդ իրադրություն ունեցող երկրներից Իսպանիա ժամանող ճանապարհորդները պարտադիր կարգով պետք է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական ՊՇՌ-թեստ:

Ցուցակում տեղ են գտել 65 երկրներ, որտեղ վարակման մակարդակը վերջին 14 օրվա ընթացքում 150-ից ավելի է՝ 100 հազար բնակչության հաշվով. դրանց թվում են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Եվրամիության գրեթե բոլոր երկրները (բացի Ֆինլանդիայից, մասնակիորեն Հունաստանից եւ մասնակիորեն Նորվեգիայից):

ԱԳ նախարարի խոսքով՝ ավիափոխադրողները պետք է ստուգեն թեստերի առկայությունը, «թեեւ դա պարտականություն չէ, այլ հանձնարարական»:

«Իսպանիա ժամանելուց հետո մարդը պետք է ներկայացնի մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ցույց տա, թե ուղեւորն ունի արդյոք ՊՇՌ-թեստի արդյունքները, եթե ոչ՝ հարկավոր կլինի, որ նա դա անի եւ տուգանք վճարի: Դրանք մեծ տուգանքներ են՝ մինչեւ 6 հազար եվրո»,-պատմել է Արանչա Գոնսալես Լայան Аntena3 հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա կարծիքով՝ քաղաքացիները պետք է «պատասխանատվություն ստանձնեն անվտանգ տեղաշարժման եւ անվտանգ զբոսաշրջության երաշխիքին ուղղված այդ ջանքերի համար»:

Իսպանիայում համավարակի սկզբից ի վեր պաշտոնապես գրանցվել է COVID-19-ով հիվանդանալու ավելի քան 1,4 միլիոն դեպք, վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ 237 հազար դեպք (100 հազար բնակչի հաշվով՝ 504), մահացել է 40,5 հազար մարդ, որոնցից վերջին օրվա ընթացքում՝ 1295: Ավելի վաղ Իսպանիա մուտք գործելու համար ճանապարհորդները պետք է բուժզննում անցնեին. անցկացվում էր ջերմաչափում եւ «տեսազննում»: Այդ միջոցները նույնպես ուժի մեջ են մնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս