Պատերազմի դադարեցման հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման քաղաքական փաստաթուղթ չէ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունը հակամարտության կարգավորման քաղաքական փաստաթուղթ չէ: Վարչապետի խոսքով՝ այդ հայտարարության մեջ կան տերմիններ, նախադասություններ, որոնք պետք է մեկնաբանվեն և դառնան քաղաքական բովանդակություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ըստ էության, հիմա քննարկում, որպես այդպիսին, դեռ նոր պետք է սկսվի, և դա դիվանագիտական բնույթի քննարկում է: Եվ այդ քննարկումը, կարծում եմ, տեղի կունենա շատ երկար: Որովհետև ես ցանկանում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որ սա, այնուամենայնիվ, ռազմական գործողությունների դադարի մասին փաստաթուղթ է: Քննարկումները հնարավոր կդառնան, և այդ քննարկումները տեղի կունենան: Բայց այդ դեպքում էլ, բնականաբար, քննարկման հիմնական ֆորմատը լինելու է կառավարության ներսում, որովհետև դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և դիվանագիտական կորպուսը արտաքին գործերի նախարարությունն է»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե ընդդիմությունն ասում է, որ ժամկետներ կան, կարող ենք չեղարկել հայտարարությունը, կարող ենք փոխել, ինչո՞ւ չեն լսում նրանց՝ վարչապետը պատասխանեց. «Այնուամենայնիվ, ինչքան էլ ասեք, քանի որ հրապարակային է այդ ամեն ինչը տեղի ունենում, ես, օրինակ, չեմ լսել չեղարկելու ձև: Ես ավելին կարող եմ ասել, մենք կարող ենք այդ թուղթը ուղղակի վերցնել, պատռել և գցել մի կողմ: Բայց պետք է նաև դրա հետևանքների որոշակի պատկերացումն ունենալ: Դա նշանակում է, որ մենք վերադառնում ենք այն իրավիճակին, որում այդ թուղթն ստորագրվել է: Իսկ դա նշանակում է, որ մենք ինչ ենք ասում, ասում ենք՝ թող մեր 30 հազար զինվորները շրջափակման մեջ ընկնեն»:

Վարչապետն ընդգծեց, որ պետք է հաշվի առնել այն հանգամանքները, որում կայացվել է այդ որոշումը. «Ինչպես ասել եմ, նման որոշում կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում: Եվ ես երեկվա իմ ուղերձում ասացի, որ անկյունաքարային նշանակություն ունեցող գործոնը, որ բերել է այդ հայտարարության ստորագրմանը մեր կողմից, այն փաստի արձանագրումն էր, որ, ըստ էության, Ստեփանակերտ քաղաքը մնացել է անպաշտպան՝ Շուշիի անկումից հետո, և եթե շատ արագ՝ ժամերի ընթացքում, մենք չկանգնեցնենք պատերազմը, Ստեփանակերտը կընկնի, որից հետո ինքնաբերաբար Ասկերանը, Մարտակերտը, այսինքն՝ սցենարներից կախված 20-30 հազար մեր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ: Ընդ որում՝ այդ թիվն ինչո՞ւ է տարբեր: Որովհետև նայած ինչ կոնֆիգուրացիայով դա տեղի կունենար: Եվ, ընդ որում, այստեղ շատ կարևոր է, որ այդ զինվորները՝ շրջափակման մեջ հայտնված, իրենք չէին կարող ազդել իրավիճակի վրա: Ինչո՞ւ, որովհետև նրանք կանգնած էին առաջնագծում, իսկ շրջափակումը տեղի էր ունենալու թիկունքից: Սա այն դեպքը չէր, երբ հրաման հնչեր՝ շրջանաձև պաշտպանություն կազմակերպել, որովհետև այդ դեպքում ամբողջությամբ նաև առաջնագիծը կքանդվեր, և մենք կունենայինք այդպիսի իրավիճակ»,- նշեց վարչապետը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հարցը չի քննարկվել Ազգային ժողովում, ընդդիմության հետ՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա, ըստ էության, մարտական գործողությունների օպերատիվ կառավարման տրամաբանության մեջ է տեղի ունեցել: «Որովհետև դա մոտավորապես նույնն է, եթե ասեք՝ թե ենթադրենք, որ մեր ստորաբաժանումն ինչ-որ մի տարածքից ետ է քաշվել կամ ինչ-որ տարածքում որոշել է գրոհել՝ ինչո՞ւ այդ հարցը չի քննարկվել Ազգային ժողովում, չի քննարկվել ընդդիմության հետ»,- նշեց նա:

Վարչապետը հավելեց, որ այն ժամանակ ռազմական գործողություններ էին, ընդ որում, շատ կրիտիկական ռազմական գործողություններ: «Եվ կրկին ցանկանում եմ ասել, որ հիմա շատ քննարկվում է և, բնականաբար, առաջին պլան է մղվել այն՝ որ ի՞նչ հանձնվեց այս ստորագրությամբ: Բայց իրականությունն այն է, որ այս փաստաթուղթը ոչ միայն կամ առնվազն ոչ միայն հանձնելու, որքան պահպանելու մասին է: Որովհետև դա ստեղծվել է մի իրավիճակում, երբ կանխատեսելի կորուստները, որոնք, ըստ էության, ռազմական գնահատականով անխուսափելիորեն պիտի տեղի ունենային, կանխատեսելի կորուստներն ուղղակի արձանագրվել են, որպեսզի խնայվեն մեր շուրջ 30 հազար զինվորների կյանքեր: Հետագայում, երբ ռազմական գործողությունները կանգնած են, այդ փաստաթուղթը բաց է, և այստեղ արդեն քննարկել-չքննարկելու տրամաբանությունը գործում է, և դա քննարկում են հիմա բոլորը: Ընդ որում՝ այդ քննարկման տրամաբանությունն էլ պետք է հասկանալ, թե քննարկման արդյունքում առաջարկվում է ի՞նչ անել՝ հե՞տ պտտել, վերսկսե՞լ ռազմական գործողությունները, թե ի՞նչ սցենարով գնալ: Բայց հիմա ամենալայն քննարկումն է տեղի ունենում»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Խոսելով հարցի մասին, թե ինչպե՞ս կարող է ընդդիմությունն ազդեցություն ունենալ պրոցեսի վրա, երբ նրանք ցույց են անում, իսկ լիդերներին ձերբակալում են ռազմական դրության պայմաններում ցույց անելու իրավունք չունենալու հիմնավորմամբ՝ վարչապետը նշեց. «Խոսքը ռազմական գործողությունների, ըստ էության, համատեքստի մասին է – սա մոտավորապես նույնն է, էլի եմ ասում, որ ռազմական գործողությունների ինչ-որ մի գործընթաց, ինչ-որ մի գրոհ կամ ինչ-որ մի նահանջ, ինչ-որ մի հաջողություն և ինչ-որ մի անհաջողություն, ի վերջո, ասվի հետևյալը՝ բայց մի րոպե այդ ռազմական անհաջողությունը ինչո՞ւ նախապես ընդդիմության հետ չի քննարկվել»:

Տեսանյութեր

Լրահոս