«Նիկոլ Փաշինյանը պատրաստ է զոհվել հանուն իր իշխանության, գնում է մինչև վերջ». Սոս Հակոբյան
Նոյեմբերի 11-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեցին, որ ստորագրվել է համաձայնագիր, որով 2020 թվականի նոյեմբերի 10-ին, մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:
Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը, Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայրենիք» կուսացության Խորհրդի անդամ Սոս Հակոբյանը հարց է հնչեցնում՝ իսկ սրանից ավելի էլ ի՞նչ կարող էր կատարվել մեզ բոլորիս հետ, ի՞նչ տարբերություն՝ քաղաքական իշխանություն կա՞, թե՞ ոչ, եթե նման իրավիճակի առաջ ենք կանգնել։ Ի՞նչ տարբերություն՝ ՀՀ-ն վարչապետ ունի՞, թե՞ ոչ, եթե 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում չկարողացավ գտնել այնպիսի մի քաղաքական լուծում, որով Հայաստանն ու Արցախը կարող էին նվազագույն կորուստներով դուրս գալ այս իրավիճակից։
«Այո՛, բանակն իր գործը գիտի, գիտի, որ պատերազմելու համար է, բանակն ինքն իր գործը գիտի, բայց, եթե որևէ բանի ունակ չես, չես կարողանում պատերազմի ընթացքում միջնորդների և թշնամու հետ հասնես այնպիսի համաձայնության, որ չկորցնես ամեն ինչ, ո՞ւմ է պետք քաղաքական իշխանության ղեկին մնալը»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որում խոսք չի գնում որևէ փոխզիջման մասին, և ամբողջությամբ Ադբեջանին ձեռտու լուծումներ են տրված։
«Նույնիսկ այնպիսի հարցեր կան, որոնք կարգավորված չեն. դրանցից մեկը, օրինակ, վերաբերում է փոխհատուցումներին։ Ադրբեջանն իր տարածքներում վնասի վերականգնման մասով հայց կարող է ներկայացնել, ինչի մասին Ալիևն արդեն ասել է, և վարչապետ Փաշինյանն այնպիսի տեխնիկական հարցեր անգամ չի լուծել, որ մեզ կանգնեցնելու է նորանոր խնդիրների առաջ»,- ասաց Հակոբյանը։
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում անգամ, երբ Արցախի մեծ մասը հանձնված է Ադրբեջանին, իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոսում է վրեժ լուծելու մասին։
«Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի իր աթոռը պահելու համար։ Փաշինյանը հարբած վիճակում հանդես է գալիս վրեժի կոչով. սա կոչ է քաղաքացիական պատերազմի, նա պատրաստ է երկրի ներսում արյուն թափել, հերիք չէր Արցախում թափվածը»,- ասաց նա։
Հակոբյանի փոխանցմամբ՝ պատերազմը սկսվելուց որոշ ժամանակ առաջ կատարված վերլուծությունները ցույց են տվել, այս պատերազմը հայկական կողմի համար դրական ելք չի ունենալու, սակայն այդքանով հանդերձ՝ քաղաքական իշխանությունը չի եկել որևէ համաձայնության, որպեսզի ասի, թե ինքը մինչև վերջ պայքարեց, կռվեց, բայց բանակը, ուժերը, մարդիկ մինչև վերջ չկռվեցին։
«Բայց չէ՞ որ քաղաքական իշխանությունը պետք է հասկանար հեռանկարը և գտներ բարվոք լուծում Արցախի համար, որովհետև Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, եթե այդ լուծումը չի կարողանում գտնել, Փաշինյանն իրավունք չունի լինել իշխանության ղեկին, որովհետև զինվորականներն իրենց գործն են անում, տնտեսական և մյուս բլոկի աշխատողները՝ ևս, իսկ քաղաքական իշխանության ղեկավարը պետք է ճիշտ պահը բաց չթողներ և որոշում կայացներ։ Նիկոլ Փաշինյանը գնում է մինչև վերջ և պատրաստ է զոհվել հանուն իր իշխանության, պատրաստ է զոհել ամեն ինչ՝ հանուն իր աթոռի, այդպիսին է այդ մարդու հոգեկերտվածքը»,- ասաց «Հայրենիք» կուսակցության անդամը։
Վերջինը նաև նշեց, որ գործող իշխանություններին սատարողները պետք է իրենց հստակ մեկ հարց տան՝ իսկ ի՞նչ է արել Փաշինյանը, որ կանխի Հայաստանի և Արցախի համար ամենավատ հետևանքները։
«Արցախը գրեթե ամբողջությաբ կորցնելուց զատ էլ ի՞նչ կարող է լինել. ամեն քաղաքացի իրեն այս հարցը պետք է տա, իսկ թե «Իմ քայլին» թվում է, թե այս ամենի համար պատասխան է տալու միայն վարչապետը, ապա չարաչար սխալվում է, եթե իրենց թվում է, որ գնալու է միայն իրենց ղեկավարը, սխալվում են, իրենք բոլորը պատասխան են տալու, որովհետև քայլեր չեն ձեռնարկել այս իրավիճակին չհասնելու համար»,- ասաց Հակոբյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում