«Ինչպե՞ս, ինչո՞ւ ստորագրեցիր, Արցախի հողը դեռ թաց է, այնտեղ դեռ արյուն է հոսում». Մատաղիսի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին

Ազատության հրապարակում ընթացող «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքին ներկա էր նաև  Արցախի Հանրապետության Մատաղիս համայնքի նախկին ղեկավար Նորա Գասպարյանը։

Դիմելով հանրահավաքի մասնակիցներին, նա ասաց, որ Արցախից է եկել՝ Մատաղիսից, որը, ասում են, իբրև թուրքի ձեռքին է, որին չի հավատում, նման բան չի լինելու։

«Քանի դեռ մենք ունենք այսպիսի հայություն, թուրքը Ղարաբաղին, Մատաղիսին չի տիրանալու։ Մենք այնտեղ ունենք գյուղեր, թուրքը չի կարող այդ շիրմաքարերը, խաչքարերը սեփանականացնել։ Եղել եմ ղեկավար, դպրոցի տնօրեն, հպարտ եմ եղել, հիմա էլ եմ հպարտ, չասեք՝ այս կինը գժվել է, հպարտ եմ, որ ունեմ այսպիսի հայություն։ Նաև հպարտ եմ, որ ունեմ այն զինվորականներին, որոնց հետ ես կռվել եմ, ձեզանից շատերը գուցե հիշեն, ես այնտեղ թողեցի որդուս գերեզմանը  և ոչ միայն՝ որդուս շիրիմը, այլև աշակերտներիս»,- շեշտեց Մատաղիսի ղեկավարը։

Այնուհետև դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարց ուղղեց, թե նման խայտառակ փաստաթուղթ ստորագրելուց հարցրե՞լ է արցախցիներին, չէ՞ որ ասել էր, որ արցախցու հետ գործ չունի։

«Ինչպե՞ս, ինչո՞ւ  ստորագրեցիր, Արցախի հողը դեռ թաց է, այնտեղ դեռ արյուն է հոսում։ Խնդրում եմ՝ միացեք, մեկ բռունցք դարձեք ու ոչ ասեք այս փաստաթղթին, հասեք Մատաղիս, հասեք Շուշի։ Ոչ մի դրախտային կյանք մեզ չի գերելու, ծնվել ենք այնտեղ լեռների գրկում և հող կդառնանք մայր Արցախում»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Հիշեցնենք նաև, որ այս հայտնի փաստաթուղթը հրապարակելուց հետո, հայաստանյան մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր հայտարարեցին, որ անցկացնում են «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և ստեղծված իրավիճակից դուրս գալու՝ Արցախը փրկելու ճանապարհներ փնտրելու համար։

Տեսանյութեր

Լրահոս