«Սիրելի ոստիկաններ, բերեք ու ձեր զենքն ուղղեք ինձ վրա՝ այլևս ոչինչ չունեմ կորցնելու». նահատակված սպայի մայր

Ազատության հրապարակում շարունակվում է «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Հանրահավաքի ներկաներին իր խոսքն ուղղեց նաև նահատակված մայոր Մկրտիչ Հակոբյանի մայրը՝ նշելով, որ բոլորն էլ հասկանում են, թե որդեկորույս մայրն ինչ սրտով է եկել Ազատության հրապարակ։

«Արցունք իմ աչքերին է, ես 40 օր ողբում եմ, ողբալով ոչինչ հնարավոր չէ անել։ Ես հասարակ, անկուսակցական մի բուժքույր եմ, որն իր կյանքի 40 տարին տվեց ծառայելու ժողովրդին։ Իր երկրին տվեց առյուծ զավակ, լուրջ զինվորական պատրաստություն ստացած, Հունաստանում ուսումնառած։ Ես պատրաստ էի, երբ իմ որդին գնում էր սովորելու, գիտեի, որ, եթե զինվոր է, ուրեմն պետք է իր հայրենիքը պաշտպանի, դա նորմալ է, բայց նորմալ չէ այն, որ հիմա չգիտեմ, թե ինչի համար իմ որդին գնաց ու զոհվեց։ Ո՞ւր եք որդեկորույս մայրեր, մի՞թե դուք ոչինչ չունեք այստեղ ասելու, ինչո՞ւ դուք այստեղ չեք, ես պատասխան եմ պահանջում։ Ես պատասխան եմ պահանջում այն մարդուց, ով ստորագրեց ու հողերը հանձնեց։ Ինչի՞ համար, ինչպե՞ս մի անգամ նրա տիկինը հարցազրույցներից մեկում ասաց, որ մեր զինվորները զոհվում են հանուն ոչնչի, այ հիմա հասկացա, որ հանուն ոչնչի»,- արտասվելով՝ ասաց որդեկորույս մայրը։

Նա նաև նշեց, որ այսօր իրեն չեն տվել անգամ որդու մասունքները, և այսօր իր նման հազարավոր մայրեր կան, որոնց կցանկանար տեսնել Ազատության հրապարակում։

«Հիմա որտե՞ղ են մեր տղաները, որտե՞ղ են նրանց մարմինները, մենք չգիտենք, չգիտենք, որովհետև դրանք տրված են թուրքին, անգամ որդիների մասունքներն իրավունք չունենք բերելու, հողին հանձնելու և դրանով սփոփվելու։ Պետք է վարչապետը գա ու պատասխան տա, թող իմ աչքերի մեջ նայի ու պատասխանի, թե ինչո՞ւ տվեց հողերը, ո՞ւմ համար։ Ես այլևս ոչինչ չունեմ կորցնելու, իմ ամենանվիրականը տվել եմ արդեն, բայց պարզվեց, որ որդուս երկրին չեմ տվել, թուրքի հողին եմ տվել։ Թող վարչապետը գա ու պատասխան տա, եթե այդքան թասիբ ունի, եթե թասիբից է խոսում, եթե թասիբից էր խոսում։ Սիրելի ոստիկաններ, բերեք ու ձեր զենքն ուղղեք ինձ վրա՝ այլևս ոչինչ չունեմ կորցնելու»,- հայտարարեց զոհված մայորի մայրը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս