Փաշինյանը ստում է՝ ասելով, թե այդ խայտառակ փաստաթուղթն ստորագրել է զինվորների կյանքը փրկելու համար, բազմիցս առաջարկներ է ստացել շատ ավելի մեղմ պայմաններով պատերազմը դադարեցնելու համար. Ա. Սաղաթելյան. tert.am
Որևէ քաղաքական պայքար չէ սա, և մենք այս վերջին ժամանակաշրջանում ականատեսը եղանք, որ այստեղ նույնիսկ մրցակցություն չկա այն բոլոր ուժերի միջև, որոնք փորձում են նույնիսկ այս իրավիճակում, երբ խայտառակ կապիտուլյացիայի փաստաթղթի տակ կա այս երկրի ղեկավարի ստորագրությունը, ինչ-որ կերպ շտկել իրավիճակը, փրկել Արցախը, ինչը, կարծում եմ, հնարավոր է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը:
Անդրադառնալով հարցին, որ հենց հավաքի ժամին կուսակցությունների ղեկավարները հրավիրվել են ՀՔԾ, սա ինչի՞ մասին է խոսում, Սաղաթելյանն ասաց. «Այդ գործելաոճը բնորոշ է այս իշխանությանը, սակայն պետք է ասեմ, որ որևէ հեռանկար այն ունենալ չի կարող, որովհետև սա ոչ թե քաղաքական պայքար է, այլ սա պայքար է հայրենիքի և ժողովրդի համար»:
Արման Սաղաթելյանի խոսքով՝ այդ խայտառակ փաստաթղթի ստորագրումը չի նշանակում, որ բոլոր հույսերն ու շանսերը այլևս կորել են:
«Ես պատերազմի առաջին օրերից եղել եմ Արցախում, և տեսել ենք, որ թե՛ զինվորը, թե՛ սպան,թե՛ կամավորը իրենց առջև դրված խնդիրները կատարել են և այս պարտությունը առաջին հերթին հետևանք է այն բանի, որ մենք չունենք ադեկվատ, վիճակը գնահատող և ողջամիտ որոշումներ կայացնող քաղաքական իշխանություն, սա դիվանագիտության բացակայությունն ու պարտությունն է, և առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի պարտությունն է ու նա պետք է հեռանա»,- նշեց նա:
Արման Սաղաթելյանի կարծիքով՝ այսօր այս վիճակում ողջամիտ է, որ ստեղծվի մի կոլեգիալ մարմին, անունն էական չէ, թե ինչ կլինի, որովհետև այս իշխանությունն իր բոլոր ռեսուսրներն արդեն սպառել է:
«Մենք ունենք այդ բոլոր ֆրոնտներով տապալված գործունեության արդյունքը: Այսօր անհրաժեշտ է լինելու ձևավորել աշխարհի համար ընկալելի և ընդունելի բանագնացների խումբ և աշխատել դիվանագիտական ուղղությամբ ինչ-որ եղանակով փորձել շտկել կամ մեղմացնել ստեղծված իրավիճակը»,- հայտարարեց Սաղաթելյանը:
Ըստ նրա՝ այլևս սպառված է Նիկոլ Փաշինյանի դեմքով բանակցությունների ներկայանալու ռեսուրսը: «Մենք նորից անընդհատ լսում ենք սուտ, կեղծիքներ: Նիկոլ Փաշինյանը լկտի ստում է, երբ ասում է՝ այս խայտառակ կապիտուլյացիայի թուղթն ստորագրել է զինվորների կյանքը փրկելու համար: 44 օրվա ընթացքում նա բազմաթիվ անգամ ունեցել է բազմաթիվ հնարավորություններ և ստացել է բազմաթիվ առաջարկներ ժամ առաջ դադարեցնելու շատ ավելի մեղմ պայմաններով, շատ ավելի քիչ կորուստներով թե՛ տարածքային, թե՛ մարդկային, նա մերժել է այդ առաջարկները: Այս պահին քննարկման առարկա չէ, որ մերժել է, որովհետև դավաճան է, թե մերժել է, որովհետև ապիկար է և ի վիճակի չէ ընդունել ադեկվատ որոշում, փաստը մնում է փաստ, ունենք այն, ինչ ունենք և այս իրավիճակում հասկանալի է, որ այս վարչախումբը և այս ղեկավարը այլևս հնարավոր չէ, որ շարունակի այս գործընթացը, մենք մեծ գին ենք վճարում այս ամենի համար»,- ընդգծեց նա: