«Ո՞վ է պատասխան տալու, որ այսօր դուք ակնհայտ սպառնում եք մարդկանց ֆիզիկական ոչնչացմամբ». Արման Աբովյան

Ազատության հրապարակում «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը, 168.am-ի խնդրանքով անդրադառնալով «Իմ քայլը» իշխանական խմբակցության  պատգամավորների այս օրերի պահվածքին և գործողություններին՝ նշեց.

«Բոլոր իրենց խոսքերը, արդարանալը, ագրեսիվ պահվածքը. դուք հասկանո՞ւմ եք, որ այդ մարդիկ չեն հասկանում խորությունն այն խայտառակության, որը գոյություն ունի:  Եթե իրենց համար սա նորմալ իրավիճակ է, որ իմ, ձեր, բոլորի հայրենիքի կեսը թուրքը տարավ իրենց իշխանության ներքո, մեզ համար՝ դա աննորմալ իրավիճակ է, այստեղ պետք չի թշնամի-ոչ թշնամի… Այստեղ խնդիր կանգնած չի. մենք հայերի մեջ չունենք թշնամի, և պետք չի փնտրել հայերի մեջ թշնամի: Ասեմ ձեզ ավելին՝ այս ամենի առաջին հիմքը նա էր, որ սկսեցին կիսել մարդկանց սևուսպիտակի, երբ սկսեցին կիսել հպարտ քաղաքացու և մնացածի՝ ստեղծելով պլաստմասե մի հպարտ քաղաքացի՝ անսեռ, անդեմ՝ առանց ոչ մի ներքին ջիղերի,  ոչնչացրին արժանապատիվ հայ հասկացությունն ընդհանրապես: Եվ դա բերեց այս ամենին»:

Դիտարկմանը, թե այսօր ձե՛զ են մեղադրում պառակտում իրականացնելու մեջ՝ պատգամավորն արձագանքեց. «Գլուխները պատով են տալիս մեզ մեղադրողները.  թող գան այստեղ Օպերայի հրապարակ և նայեն այն մայրերի աչքերի մեջ, ում որդիները զոհվել են, թող գան այն Հադրութի, Բերձորի, Քաշաթաղի, Վարանդայի բոլոր այն բնակիչների աչքերին, ովքեր այսօր անտուն են մնացել:

Գլուխներ պատով են տալիս. էդ թուրքին մեղադրելու տեղը՝ մեզ ե՞ն մեղադրում: Մենք չենք մասնատում. սա ընդհանրապես համախմբման պրոցես է, որն ինքնաբուխ է. ոչ մի քաղաքական ուժ չի կազմակերպում այս մարդկանց, ասում՝ դուրս եկեք:

Սկսել են լկտիություն անել. սուտ բաներ են տարածում, թե տներով 17 կուսակցության ներկայացուցիչներ են պտտվում, գումար են առաջարկում:

Հորդորում եմ՝ եթե հանկարծ ինչ-որ մեկը մոտեցավ, տուն դուռը թակեց, կամ ինչ որ բան ասեց և գումար առաջարկեց միտինգի համար, երեք շատ հստակ քայլ՝ միանգամից ահազանգում եք ոստիկանություն, ձեռնարկում եք միջոցներ, որ հանկարծ չփախչեն (ուժ և բռնություն ոչ մի դեպքում չեք գործադրում), և երրորդը՝ խնդրում եմ հեռախոսով ֆիքսեք այդ մարդկանց դեմքերը և միանգամից լցրեք համացանց»:

ԲՀԿ պատգամավորը  նշեց նաև, որ այս օրերին հնչում են նաև ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներ. «Իմացեք մի բան՝ յուրաքանչյուր լկտիություն այսօր սպասելի է: Բա դուք չե՞ք ամաչում, դուք գետինը չե՞ք մտնում ձեր արածի համար, ո՞վ է պատասխան տալու, որ այսօր դուք ակնհայտ  սպառնում եք մարդկանց ֆիզիկական ոչնչացման՝  էդ վիդեոները սարքելով.  պոստերից ընենց կիջնեն ու կգռռցնեն, ո՞ւմ են գռռցնելու՝ այն մայրերին, որ երեխեքին են հա՞ կորցրել, ո՞ւմ են սպանելու՝ էն մարդկանց, ովքեր համաձայն չե՞ն, որ հայրենիքի կեսը չկա արդեն:

Իսկ եթե ձեզ համար դա նորմալ իրավիճակ է, ինձ համար՝ որպես հայ մարդ, նորմալ իրավիճակ չէ, ախպե՛ր, ես չեմ կարող վիզս ծուռ ապրել, ախր ո՞նց ես բացատրեմ, բոլորս վիզս ծուռ ենք, իրենք կամ չեն հասկանում դա, կամ իրենց դրել են գժի տեղ»:

Տեսանյութեր

Լրահոս