«Գուցե տրամաբանությունը պատկերացնեի, բայց տեքստի բովանադակությանը տեղյակ չէի». Անդրանիկ Քոչարյանը՝ պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարության մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դեռևս չի պատրաստվում լրագրողների շատ հարցերի պատասխանել, ասում է՝ դեռ ՀՀ նախագահի հետ պետք է հանդիպի, մի քանի հարցեր ունի քննարկելու, որից հետո լրագրողների հետ կխոսի։
Հարցին՝ «Իմ քայլը» խմբակցության անդամները գալի՞ս են խորհրդարան, Անդրանիկ Քոչարյանը զայրացած պատասխանեց. «Դու չգիտես, որ ես գալիս եմ աշխատանքի, քանի օր է, որ այստեղ ես։ Պաշտպանության հանձնաժողովը մի կեսօր է բացակայել խորհրդարանից»։
Հաջորդ հարցին, ինչու արտահերթ նիստին չեկան, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.«Այդպես որոշեցի։ Բայց նիստեր անպայման պետք է լինեն, քննարկվելիք բազմաթիվ թեմաններ կան և պետք է պատրաստ լինի հստակ այն օրակարգը, որը բխում է մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգությունից։ Մենք պետք է շարժվենք մեր երկրի այսօրվա էքստրեմալ պայմանների շրջանակներում, ինչպես տեսաք՝ նաև ունենք ներքին անվտանգային պրոբլեմներ, արտաքինն էլ միասին, և այդ բոլորը փոխկապակցված են իրար հետ։ Մենք պետք է դուրս գանք այս իրավիճակից, որպեսզի մինիմալ կորուստներով այս անկումային վիճակից դուրս գալ։ Մենք պետք է պատրաստվենք այն մարտահրավերներին այն առումով, որ հակառակորդը հաստատ փորձելու է գտնել էլի տարբերակներ իր առավելությունը զարգացնելու։ Հիմա մենք ունենք դադարի պահ, էս դադարը շատ կարևոր է, որպեսզի մենք մեր անվտանգային ամբողջ համակարգը բերենք այնպիսի վիճակի, որ հնարավոր զարգացումներին պատրաստ լինենք»։
Նա ընդգծեց, որ Պաշտպանության հանձնաժողովն անելիքներ ունի, և նրա կարծիքով՝ հանձնաժողովը Զինված ուժերի, Ներքին գործերի նախարարության, անվտանգության բոլոր մարմինների հետ ունի ներդաշնակ աշխատելու իրավունք տարբեր հարցերի շուրջ։
Նա ընդգծեց, որ պետք է դասեր քաղել, մասնավորապես՝ հասկանալ, որ բանակի զարգացումն անընդհատ պրոցես է, որի մեջ եղել են խզումներ։
«Հիմա տեսեք, թե ներքին ինչպիսի արագությամբ… ես համոզված եմ, որ դրանք նախկին օլիգարխների զորախմբերն էին, որոնք այս երկու տարին ներծծվել էին, անհետացել էին, մեկ էլ մեկ կնոպկայով լցվեցին պետական կառավարման շենքերն ավերելու։ Դրանք հայտնի ուժեր էին, խուժաններ էին, որոնք մշտապես ղեկավարվել են նախկինների կողմից»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարությանը, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ լրագրողների հետ անկեղծ կլինի. «Գուցե տրամաբանությունը պատկերացնեի, բայց տեքստի բովանդակությանը, բնականաբար, տեղյակ չէի, կարծում եմ՝ տեղյակ չէին շատերը, ինչպես ներկայացրեց վարչապետը։ Վարչապետը ներկայացրել է, թե ինչու է այդպես եղել, բայց այսօր պետք է լինենք նրանով, որ այդուամենայնիվ Պաշտպանության բանակը նաև մեր զինված ուժերը պետք է իրեն մենակ չզգա»։