Բաժիններ՝

Ոստիկանության գործողությունները պատերազմի ընթացքում

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական զորքերն ու վարձկան ահաբեկիչները լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ։

Պատերազմի առաջին օրերից ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող հերթափոխերով մեկնեցին ռազմաճակատ։ Նրանք մասնակցեցին Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին։

Ծանր մարտեր մղեցին հատկապես Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի հարակից տարածքում, ինչի ընթացքում ոստիկանության զորքերն ունեցան 2 զոհ, 26 վիրավոր, և մինչ այս պահը անհետ կորած է համարվում 42 ծառայող։

Չափազանց կարևոր էին նաև ոստիկանության զորքերի հատուկ միջոցառումները՝ հայտնաբերելու և չեզոքացնելու Արցախ ներխուժող ահաբեկչական խմբերին՝ թույլ չտալով նրանց հասնել թիկունք։

Հայրենիքի պաշտպանությանն են միացել նաև ոստիկանության կենտրոնական ապարատի, հատուկ նշանակության վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի, մարզային և տարածքային բոլոր ստորաբաժանումներից ծառայողներ։ Մի քանի հերթափոխով

Արցախ է մեկնել ևս 3200 ոստիկան, որոնցից անմահացել են 26-ը, վիրավորվել 124-ը և մինչ այս պահը անհետ կորած է համարվում 1-ը։ Նրանք Ջրականի, Բերձորի, Շուշիի ու Մարտակերտի շրջանի տարբեր հատվածներում էին։

Ցավոք, պատերազմի ողջ ընթացքում ընկան ազգի նվիրյալ 28 ոստիկան, վիրավորվեցին 150-ը, և մինչ այս պահն անհետ կորած է համարվում ոստիկանության 43 ծառայող։

Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած մեր բոլոր հայորդիներին:
Բացի այդ, ոստիկանության զորքերի ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումների շուրջ 1000 ծառայող մասնակցեց Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը՝ զուգահեռ հանրապետությունում իրականացնելով իրենց անմիջական պարտականությունները։ Կանխվում և բացահայտվում էին հանցագործություններ, պահպանվում էր հասարակական կարգն ու անվտանգությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության, իրականացվում էր հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ հետևողական աշխատանք, զինծառայողների ու կամավոր ջոկատների ուղեկցումներ դեպի ռազմաճակատ, ինչպես և ոստիկանները ներգրավված էին զորահավաքի կազմակերպչական աշխատանքներին և այլն։

Միաժամանակ, ցավոք, ոստիկանական մեծաքանակ ուժերի՝ առաջնագծում գտնվելու պատճառով հնարավոր դարձան նոյեմբերի 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած անկարգությունները։ Վստահեցնում ենք, որ դրանց բոլոր կազմակերպիչներն ու հեղինակները հայտնաբերվելու են և ենթարկվելու են պատասխանատվության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս