«Փաշինյանը երևի իր գրած փաստաթուղթը վատ է կարդացել, կամ օրիգինալն այլ լեզվով է գրված եղել». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ժողովրդի դեմ ձայնային մեսինջերներով իշխանությունը հիբրիդային պատերազմ է սկսել։

«Ասում են՝ բա ժողովուրդ իմացեք, Նիկոլը տարբերակ չուներ, երեխուն էին առևանգել, չգիտեմ էս էին արել, մի արեք, դուք հասկանում եք, որ նույնիսկ ամենաիմբիցիլ մասսան չի հավատում ձեր ծիծաղելի մեսինջերային հիբրիդային պատերազմին։ Հասկանո՞ւմ եք, որ անիմաստ է կառչել իշխանությունից, անիմաստ է, համաշխարհային պատմության մեջ չկա նախադեպ, չի կարող լինել նախադեպ, երբ Արցախը թուրքի առաջ ծնկի բերած ղեկավարը մնա, չի լինելու, եկեք հենց հիմա ինձ այստեղ ձերբակալեք։ Ինձ համար միևնույն է, եթե այդքան երեխա է մահացել, այդքան տարածքներ ենք հանձնել, իմ ձերբակալությունը ի՞նչ է այն մայրերի կսկիծի դեմ, որոնք կորցրել են իրենց որդիներին։ Գիտեք, որ հիմա ձեր հանձնած տարածքներում, մարդիկ իրենց տները վառում են, որ թուրքի փայ չդառնա, դուք պատկերացնո՞ւմ եք հորը, որն իր ձեռքով իր կառուցած տունը, օջախը կրակի է տալիս»,- «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաք-երթի ժամանակ, որը մեկնարկել է Մատենադարանի մոտ,  նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ պատգամավորի, այսքանից հետո, այդ ի՞նչ թանկ բան է իշխանությունը, որ «ճանկռտելով» կառչել են իշխանությանն ու ասում են՝ եկեք համախմբվեք մեր շուրջ։

Նա նաև տեղեկացրեց, որ արդեն հրապարակել է այն օլիգարխների անունները, որոնք ֆինանսավորում են արյունը, հային հայի դեմ հանելը, որը նրանց չի ներվելու։

«Այդ որ ձեր օֆիսներում, խանութների պադվալներում համակարգիչները շարել եք, ամիսը 120  հազար դրամ աշխատավարձով նստեցրել եք հազարավոր ֆեյքերի ու մեր ընտանիքները մտնել եք տալիս, հասկանում եք, որ դուք  ձեզ հումանիտար փրկության միջանցք այլևս չեք թողել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Նա նաև շեշտեց, որ երեկ տեղեկատվություն են ստացել, որ գիշերը ինչ-որ հագուստ է բաժանվելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին՝ ժողովրդի դեմ հանելու համար։

«Նիկոլին ասում են՝ Արցախը հանձնել ես, ասում է՝ թալանը, ասում են՝ Արցախը հանձնել ես, ասում է՝ զինվորները չցանկացան կռվել, սուտ է, հիմա արդեն բազմաթիվ իրական ազատամարտիկներ, իրական զինվորներ, կամավորներ, որոնց ասել են՝ զենքերը հանձնեք իջեք, գալիս են, չէ՞՚։ Բա հո մանիկյուռով տղանե՞րը չեն, որ ինձ սպառնում ու ասում էին՝ էդ միտինգ ես անո՞ւմ մեր վարչապետի դեմ, այո, միտինգ եմ անում, այ տղա։ Փաշինյանը երևի իր գրած փաստաթուղթը վատ է կարդացել, կամ չգիտեմ օրիգինալն այլ լեզվով է գրված եղել, որտեղ հստակ գրված էր՝ ինչ ենք զիջելու, Շուշին էլ շատ սիրուն հանձնեցինք»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս