«Հայրենիքը վտանգված է, պատգամավորնե՛ր, առաջնորդվեք ձեր խղճով և համոզմունքներով». Հրանուշ Հակոբյան

Հրանուշ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵ՛Ր, ԱՌԱՋՆՈՐԴՎԵՔ ՁԵՐ ԽՂՃՈՎ և ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐՈՎ

Ապրում ենք Հայ ժողովրդի, Հայոց պետականության, Արցախի համար ամենադրամատիկ և ամենացավալի օրերը։

Սգում և կիսում եմ բոլոր որդեկորույս մայրերի և այրիացած կանանց ցավը։

Այս օրերին ժողովուրդը միակամ մերժում է գաղտնությամբ, հանիրավի ստորագրված հայտարարությունը։
Կփորձեմ խոսել որոշ իրավական խնդիրների մասին։

Փաստաթղթի անվանումն է «Հայտարարություն»։ «Հայտարարություն» հասկացությունն ընդամենը հրչակագրային բնույթ է կրում, չունի իրավական ուժ և չի կարող գործել։ Սակայն, եթե հիմք է ընդունվել «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքը /այսուհետ՝ Օրենք/, ապա օրենքի հոդված 2-ի 1-ին կետը սահմանում է, որ
«1) միջազգային պայմանագիր` Հայաստանի Հանրապետության և պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) միջև մեկ փաստաթղթի կամ փոխկապակցված և միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով գրավոր ձևակերպված և միջազգային հանրային իրավունքով կարգավորվող համաձայնություն` անկախ դրա անվանումից»։

Հետևաբար, ես նույնպես ընդունում եմ, որ փաստաթղթի անվանումը կարևոր չէ և անկախ անվանումից՝ այն միջազգային պայմանագիր է, քանի որ ունի երեք կողմ։

Ըստ Օրենքի՝ միջազգային պայմանագրի նախագիծը պետք է․

1․ անցնի ներպետական համաձայնեցման, փոխհամաձայնեցման և ստորագրման գործընթաց /հ․2, կետ 5/։

2․Այդ գործընթացի մասնակիցներն են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ արդարադատության և ՀՀ ֆինանսների նախարարությունները, ռազմական խնդիրների դեպքում նաև պաշտպանության նախարարությունը, որոնք անպայման տալիս են եզրակացություն և դրանք ամրագրվում են փաստաթղթին։

3․Պայմանագիրն անպայման պետք է վավերացվի Ազգային ժողովի կողմից, որպեսզի այն որպես միջազգային պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետությում պարտադիր ուժ ունենա։/հ․ 2, կետ 10/։

4․ Ռազմական բնույթի միջազգային պայմանագիրն ունի իր սահմանումը, ըստ որի ռազմական համագործակցության, խաղաղության (հաշտության), հավաքական անվտանգության, զինաթափման, սպառազինությունների նկատմամբ հսկողության հարցեր կարգավորող, ռազմաքաղաքական դաշինքներին անդամակցություն, ռազմական մատակարարումներ, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա զինված ուժերի տեղակայում նախատեսող միջազգային պայմանագիր է, որը անպայման պետք է վավերացվի /հ․ 2, կետ 18/։

4․ Միջազգային պայմանագրի նախագծի փոխհամաձայնեցման ընթացքում հայկական կողմի և պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) միջև հարաբերություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով և համակարգմամբ /հ․6, կետ 1/։ Արդյո՞ք մեր նախարարությունը դրանից տեղյակ է։

5․ Կառավարությունը միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը կամ միջազգային պայմանագրի հաստատման մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը է ներկայացնում օրենքով սահմանված կարգով / հ․12, 2,3 կետեր/։

Այսինքն, Կառավարությունը, Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դիմում է Սահմանադրական դատարան` միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով:

Որպեսզի տարբեր մեկնաբանությունների առիթ չտա, ցանկանում եմ ընդգծել, որ
Ազգային Ժողովը պարտավոր է ՀՀ Սահմանադրության 116 հոդվածի համաձայն՝
Կառավարության առաջարկությամբ վավերացնել այն միջազգային պայմանագրերը`

1) որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին.

2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ․․․։

Կարծում են, մեկնաբանությունն ավելորդ է։

ՀՀ Ազգային ժողովը պարտավոր է ԱԺ պատգամավորների ձայների մեծամասնությամբ հաստատել կամ մերժել միջազգային փաստաթղթի նախագիծը։ Այսօր օրակարգում է, որպեսզի պահանջել Ազգային Ժողովի պատգամավորներից քննարկել հրապարակի վրա եղած փաստաթուղթը։

Այնպես որ, հերթը ձերն է, հարգարժա՛ն պատգամավորներ, դուք պարտավոր եք հավաքվել և քննարկել «Հայտարարության»՝ որպես միջազգային պայմանագրի վավերացնելու կամ չեղյալ հայտարարելու մասին հարցը։ Ի դեպ ձեզ է վերապահված դրա մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու իրավասությունը։

Եվ վերջապես, համաձայն Օրենքի 17-րդ հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կիրառվում Օրենքով սահմանված վավերացման կամ հաստատման ընթացակարգերի ավարտից հետո` այդ պայմանագրով նախատեսված կարգով և պահից»:

Հավելեմ նաև, որ պայմանագիրը կարող է գործել միայն նրա հրապարակումից հետո․/հ․ 23-ի 1-ին մաս/։
Մյուս կողմից, քանի որ մենք կառուցում ենք իրավական, ժողովրդավարական պետություն, մեր սուրբ պարտականությունն է կատարել, պահպանել և չխախտել Սահմանադրությունը։ Այդ դեպքում խնդրում եմ կարդալ ՀՀ Սահմանադրության 118-րդ հոդվածը, որում ամրագրված է․

«1. Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում»:
Չմոռանանք Սահմանադրության մեկ այլ հոդված ևս՝ 205-րդ հոդվածը, որի 1-ին մասի համաձայն՝
«Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»:

Չեմ կարող չանդրադառնալ ևս մի խոտորնակ իրողության․ ինչպե՞ս է պատահել, որ հայտարարության ռուսերեն տարբերակի և հայերեն տարբերակի միջև կա անհամապատասխանություն՝ ի վնաս մեզ։

Եթե դա անուշադրության ու թափթվածության արդյունք է, ուրեմն ՀՀ արդարադատության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան պաշտոնյաները պետք է պատասխան տան։ /հ․ 9-ի 6-րդ մաս/։
Այսպիսով, որպես ժողովրդի ներկայացուցիչներ՝ խնդրում ենք կատարել ձեր ուղղակի սահմանադրական պարտավորությունը և ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի համաձայն առաջնորդվեք ձեր խղճով և համոզմունքներով։

Սպասենք և հուսանք, ժամանակը մեր օգտին չի աշխատում»:

Տեսանյութեր

Լրահոս