Դա դավաճանություն է, ոչ թե հարկադրված քայլ. դեռ 2018 թ. պլանավորված էր, որ այսպես պետք է լինի. ազատամարտիկ Աշոտ Մինասյանը՝ Արցախի վերաբերյալ փաստաթուղթը Փաշինյանի կողմից ստորագրելու մասին. Tert.am

Մեր պետությունը վերջին տարիներին ամենաթույլ վիճակում էր՝ թույլ և անմեղսունակ ղեկավարով հանդերձ, և թշնամին օգտվեց մեր թույլ լինելուց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Աշոտ Մինասյանը:

«Այս ամենի սկիզբը (Արցախի հարցով եռակողմ հայտարարության ստորագրումը – Tert.am) չի եկել ամսի 9-ից, դրա սկիզբը եկել է 2018 թ.: Մարդիկ, որոնք եկան իշխանության, այդ նույն մարդկանց ձեռամբ կազմակերպված էր և պլանավորված էր, որ դա պետք է լիներ: Իսկ դա նշանակում է դավաճանություն, ոչ թե հարկադրված քայլ: Մարդիկ, որոնք կապ չունեն պետության, պետականության հետ, իրենք չգիտեին՝ դա իրենից ինչ է ներկայացնում, ովքեր չէին հասկանում պետության արժեքը, այդ մարդիկ ունակ էին նաև սա կատարելու և կատարեցին»,- նշել է նա:

Աշոտ Մինասյանը նաև նկատել է, որ սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի ընթացքում կեղծվել է ամբողջ պատմությունը, իրականությունը չի ներկայացվել:

«Նահանջող բանակին ասում են՝ հաղթո՞ւմ ենք, ինչո՞ւ իրականությունը չմատուցվեց: Ինչպե՞ս հասկանալ, երբ, եթե չեմ սխալվում, հոկտեմբերի 12-ին, երկրի վարչապետ կոչեցյալը հասնում է Սյունիք, Գորիս քաղաքում հայտարարում է՝ ժողովուրդ, եկեք պաշտպանենք Սյունիքը, երբ մարտերը վարվում են Վարանդայից (Ֆիզուլի), Ջրականից (Ջեբրայիլ), Սանասարից (Կուբաթլու) ներքև: Ինչն է ստիպում մարդուն ներկայացնել, որ եկեք պաշտպանենք Սյունիքը: Այսինքն՝ համակերպվել այն մտքի հետ, որ արդեն տրվա՞ծ է ամբողջ Արցախը: Թե դա պանիկայի հերթական էտապն էր, որն ինքը պետք է մտցներ ժողովրդի մեջ: Միտումնավոր պանիկա ստեղծեց հենց երկրի ղեկավար կոչեցյալը»,- ասել է ազատամարտիկը:

Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու, փրկվելու ելք դեռ կա: Ըստ Աշոտ Մինասյանի՝ առաջնահերթ Կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի:

«Ես այսօր տեսնում եմ, որ երկրի վարչապետ կոչվածը և իր թիմը ուզում են երկիրը տանել քաղաքացիական պատերազմի, բայց կարծում եմ՝ մեր ժողովուրդն այնքան խոհեմ կգտնվի, որ չի գնա դրան: Նա ամբողջ ազգին ճակատում տարավ պարտության, և հիմա արդեն թիկունքում է ուզում նույն պարտությանը տանել»,- ասել է ազատամարտիկը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս