«Ինձ համար շոկի աստիճան հասնելու անակնկալ է եղել». «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյան

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը  «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին՝ արտահերթ նիստ անցկացնելու համար։

Ավելի ուշ՝ Ազգային ժողովի դիմաց, նա նաև հայտնել էր, թե ըստ տեղեկությունների՝ «Իմ քայլը» խմբակցությունում կան արժանապատիվ պատգամավորներ, որոնք ուզում են գալ նիստի, բայց վախենում են, որ ժողովուրդն այլ կերպ վարվի՝ այդ պատճառով նա առաջարկել էր գնալ տուն՝ հավելելով, որ, եթե ԱԺ նիստը չկայանա, և մինչև կեսգիշեր էլ վարչապետը հրաժարական չտա, իրենք 12։30-ին ասուլիս կտան և կներկայացնեն վաղվա ծրագիրը։

168.am-ը փորձեց կապ հաստատել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ՝ ճշտելու՝ նրանք պատրաստվո՞ւմ են արդյոք գնալ արտահերթ նիստի, մեր բոլոր փորձերը, սակայն, անհաջող էին: Տարբեր անպատասխան զանգերից հետո ստացվել է զրուցել միայն Թագուհի Թովմասյանի հետ:

Ի պատասխան հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք մասնակցել ԱԺ նիստին, նա նշեց. «Ես հիմա Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում եմ, եկել եմ՝ իմ աչքերով տեսնելու՝ ինչ է կատարվում, և այդ համաձայնագիրն ինչքանով է Արցախի համար ընդունելի, ընկալելի և ինչ հետևանքներ կարող է ունենալ կիրառելիության դաշտում, հետևաբար, ֆիզիկապես չեմ կարողանա մասնակցել ԱԺ նիստին»:

Անդրադառնալով աղմկահարույց համաձայնագրին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նշեց, որ այն իրեն շոկի է ենթարկել. «Ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, և այդ թվում, ինչպես տեսանք, ՀՀ նախագահը, այդ մասին տեղեկացել եմ զանգվածային լրատվության միջոցներից, ինձ համար շոկի աստիճան հասնելու անակնկալ է եղել:

Բայց մյուս կողմից՝ ես հիմա, որ խոսում եմ Արցախի ղեկավարության հետ (հանդիպել եմ նաև Արցախի նախագահի հետ և շուտով պաշտոնապես կտեղեկացնեմ՝ ինչ ենք քննարկել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ), մարդկանց հետ, ովքեր որ մասնակցել են պատերազմի և առաջնագիծ են պահել և շարունակում են պահել հերթափոխով,  հասկացա, որ մենք ունեցել ենք կազմակերպչական և մարտական  ոգու լուրջ խնդիր:

Ես հասկացա, որ հայկական իրականությունը երկու իրականություն է՝ մի իրականությունը, որ մենք Ֆեյսբուքով հրճվում էինք մի ԱԹՍ կործանելով կամ զգետնելով, և մեկ այլ իրականություն՝ որ այստեղ՝ ընդհուպ մինչև գնդապետ-գեներալի կոչումով կամավորական սկզբունքով առաջնագիծ մեկնած մարդիկ, առաջին կրակոցը լսելով, ուղղակի փախել են ու փախել են խայտառակ ձևով. դիրքը լքել են և չեն զգուշացրել տեղի բնակչությանը, որ իրենք դիրքը լքում են, որպեսզի գոնե մարդիկ իրենց գյուղերից դուրս գան:

Սա ոչ միայն ողբերգություն է, ոչ միայն անկազմակերպ աշխատանք է, սա ամենադաժան պատժի արժանի գորճելաոճ է, և ոչ միայն՝ իրավական պատժի»:

Պատգամավորը հավելեց, որ շատ հարցեր ունի, որոնց պատասխանը փորձում է գտնել ու նաև հասկանալ՝ կա՞ արդյոք հնարավորություն ինչ-որ կերպ փոխելու այդ համաձայնությունը. «Փորձում եմ հասկանալ իրավական ճանապարհը՝ մենք  արդյո՞ք ունենք հնարավորություն այդ եռակողմ համաձայնագրի մեջ որևէ բան փոխելու, որևէ հայամետ դիրքորոշում ավելացնելու:

Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետև մեզ (լինելով այստեղ, ավելի քան համոզվեցի) վայրկյան առաջ անհրաժեշտ է եղել կրակի դադար, վայրկյան առաջ, և պետք էր սթափ գնալ դրան, և դա իրականացվել է: Հիմա՝ մնացած տարբերակների մասով կան բազմաթիվ հարցեր՝ մասնավորապես՝ մենք ինչպե՞ս ենք կարողանալու մինչև նոյեմբերի 15-ն ամբողջությամբ դատարկել Քելբաջարը, որից հետո ես չգիտեմ՝ իմ հայրենիքի՝ Վարդենիս քաղաքի ճակատագիրն ինչ կարող է լինել»:

Հարցն արդյո՞ք քննարկել է իր գործընկերների հետ, խմբակցության մյուս անդամների հետ, և արդյոք  խմբակցության ղեկավարը ձեզ հետ զրուցե՞լ է այս համաձայնության ձեռքբերումից հետո՝ մեր հարցադրումներին ի պատասխան՝ Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց. «Ոչ»:

Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքված են՝ ժամեր առաջ տեղեկացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք՝ երկու օր առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ: Էդմոն Մարուքյանը նշել էր, որ նիստի ընթացքում, ըստ իրենց ներկայացրած օրակարգի, քննարկվելու են ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը։

Տեսանյութեր

Լրահոս