Զենքի էմբարգո ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ. Նիդերլանդների 4 կուսակցությունների կոչը

Նիդերլանդների «Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցություն», «Քրիստոնեա-դեմոկրատական կոչ», «Դեմոկրատներ-66» և «Քրիստոնեական միություն» կառավարական կուսակցությունները ցանկանում են, որ ԵՄ-ն զենքի էմբարգո կիրառի ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ՝ որպես պատժամիջոց տարածաշրջանում տարբեր հակամարտություններով Թուրքիայի ներգրավվածության, այդ թվում `Լեռնային Ղարաբաղի պայքարում ներգրավվածության համար:

Այս մասին տեղեկացնում է նիդերլանդական NOS կայքը:

Այսօր՝ նոյեմբերի 11-ին կողմերը Արտաքին գործերի նախարարության բյուջեի քննարկումների ընթացքում այդ մասին միջնորդություն են ներկայացրել:

«Անկարայի կառավարությունը խախտում է միջազգային իրավունքը` ներգրավվելով Լիբիայում և Արևելյան Միջերկրական ծովում զինված բախումներում: Այնտեղ Թուրքիան նավթ է որոնում մի տարածքում, որը պատկանում է Հունաստանին»,- ասված է հոդվածում:

Ըստ կոալիցիայի գործընկերների՝ կաբինետը պետք է աշխատի զենքի էմբարգոյի ուղղությամբ Եվրամիության համատեքստում: «Թուրքիան կրկին ու կրկին անցել է սահմանը: Վճռական միջոցառումների ժամանակն է», – ասել է «Քրիստոնեական միություն» կուսակցության՝ խորհրդարանի անդամ Ջոել Վուրդեվինդը:

Նա նշել է նաև, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է տեղափոխել Լեռնային Ղարաբաղում կռվելու:

«Դեմոկրատներ-66» կուսակցության ներկայացուցիչ Սջոերդ Սջորդսման Թուրքիան որակել է որպես «սրիկա պետություն»:

«Եթե Էրդողանը կայունություն խթանելու փոխարեն ռազմական բախում է հրահրում, մենք պետք է հստակ գիծ քաշենք՝ այլևս ոչ մի զենք Թուրքիային, քանի դեռ դա շարունակվում է»:

«Քրստոնեա-դեմոկրատական կոչ» կուսակցությունից Մարթայն ֆան Հելվերտն էլ նշել է. «Վատ է, որ ստիպված ենք, բայց մենք ուզում ենք, որ ԵՄ-ն զենքի էմբարգո դնի ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի վրա: Մենք պետք է պաշտպանենք անմեղ քաղաքացիական անձանց»:

Տեսանյութեր

Լրահոս