«Վարչապետի կայացրած որոշման շարժառիթների և դրդապատճառների ուսումնասիրությամբ պետք է ԱԱԾ-ն զբաղվի». Իվետա Տոնոյան

«Վարչապետի մամուլի խոսնակին անդրադառնալ ընդհանրապես հարկ չեմ համարում, որովհետև երիցս համոզված եմ, որ ինքը չէր այդ տեքստի հեղինակը, ինչպես արդեն այսօր առավոտյան առիթ ունեցանք համոզվելու, իսկ ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը՝ ևս մեկ անգամ վերահաստատեց, որ իր տոտալ ձախողումների, տապալումների, Արցախի տարածքի գերակշիռ մասի կորստի համար մեղավոր են բոլորը, և ոչ երբեք՝ ինքը, և կարծում եմ, որ վարչապետի այս բարդույթը քննելու համար համապատասխան մասնագիտական ուսումնասիրություն է պետք կազմակերպել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի՝ Գագիկ Ծառուկյանի մասին ֆեյսբուքյան գրառմանը, ինչպես նաև այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի  ֆեյսբուքյան ուղիղ եթերին, որտեղ վարչապետն անդրադառնալով Շուշիի անկմանը՝ հայտարարեց, որ սխալված չի լինի ասել, որ Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը Գագիկ Ծառուկյանի խոստացած կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին:

«Մեր հասցեին հնչեցված մեղադրանքները բացարձակ անհիմն են: Վարչապետը կամ չի՛ տիրապետում տեղեկատվությանը, թե ինչ ջոկատներ են մեկնել և ինչ գործառույթներ են իրականացրել, կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ վարչապետը տեղեկատվություն խնդրի և ստանա համապատասխան մարմիններից՝ Պաշտպանության նախարարությունից, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից: Մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքները օրեր շարունակ ընթացել են, բոլոր այդ աշխատանքները համակարգվել և համաձայնեցվել են Պաշտպանության նախարարության, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հետ: Այնպես  որ, թող բարի լինեն և տեղեկատվությունը ճշտեն պատկան մարմիններից, որովհետև օրերով դաշտից անհետանալու փոխարեն, լավ կլիներ ճշտեին և տիրապետեին այդ տեղեկատվությանը: Վարչապետին չի՛ հաջողվելու իր տապալումների, իր ձախողումների մեղքը բարդել առանձին  անձանց, կամ այս դեպքում՝ Գագիկ Ծառուկյանի վրա, դա վստահ եմ ես նրան ասում»,- ասաց Տոնոյանը:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց՝ ինչպե՞ս է լինում, որ հրապարակային հայտարարվում է, կամուֆլյաժ, նիվաներ են ցուցադրվում, վիլիսներ են ցուցադրվում, բայց հետո բան չի լինում, սրա մեջ կարո՞ղ է դավաճանություն և դավադրություն լինի, համենայն դեպս վարկած է, որն արժանի է քննության: Իսկ գուցե այդ նիվաները, վիլիսները, ջոկատները ոչ թե Շուշիում գործունեություն ծավալելու համար են ձևավորվել, այլ ՀՀ-ում գործունեություն ծավալելու համար են ձևավորվել: Համենայն դեպս, եթե այդպես է՝ այդ փաստը պետք է ստուգվի և արժանանա քրեաիրավական գնահատականի, ինչն անպայման տեղի կունենա, Իվետա Տոնոյանն այն որակեց բացարձակ ցնդաբանություն:

«Շատ լավ կլիներ, որ վարչապետն առաջինն անդրադառնա այն տեղեկատվությանը, որ դեռ երեկվանից շրջանառվում էր մամուլում, որ հենց նա է Հայաստանի ներսում ինչ-որ տարբեր զինված միավորումների հավաքագրման աշխատանքներ իրականացնում: Այնպես որ, լավ կլիներ, որ վարչապետը, թերևս, այդ հայտարարությանը անդրադառնար, այլ ոչ թե մտացածին թեզեր շրջանառության մեջ դներ: Վարչապետը նախօրեին իր բազմաթիվ լայվերի միջոցով փորձում էր մեղքի սլաքն ուղղել այլ անձանց ուղղությամբ, այսօր էլ շարունակում է այդ թեզը հետևողականորեն առաջ տանել: Փոխարենն այս օրհասական և կրիտիկական պահին հանդես գար իսկապես ազգային միասնականության դիրքերից, երբ որ անդառնալի կորուստներ մենք ունենք, շարունակում է թշնամություն, ատելություն, սևերի ու սպիտակների տարանջատում իրականացնել, ինչը որ այս 2.5 տարիների ընթացքում՝ իր վարած քաղաքականության առանցքն էր: Կարծում էր, որ այս հայտարարությունները, այս ազգակործան և պառակտիչ հայտարարությունները ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներ են, որի քննությամբ, այո, իսկապես պատկան մարմինները պետք է զբաղվեն, բայց այս դեպքում ոչ թե առանձին գործիչների, այլ հենց վարչապետի հայտարարությամբ, վարչապետի կայացրած որոշման շարժառիթների և դրդապատճառների ուսումնասիրությամբ այլևս պետք է ԱԱԾ-ն զբաղվի»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Իվետա Տոնոյանը տարօրինակ համարեց, որ երկրի ղեկավարը չի հիշում, թե պատերազմի որ օրը ինչ գործողություններ են տեղի ունեցել.

«Վարչապետը, երբ իր լայվի ընթացքում հայտարարություն է անում և ասում է՝ չեմ  հիշում, թե ամսի քանիսին էր, բայց Շուշին գտնվում էր թշնամու վերահսկողության ներքո, ներեցեք, ինձ համար սա արդեն այլևս ողբերգություն է, երբ երկրի վաչապետը չի հիշում, թե կոնկրետ պատերազմի որ օրը՝ ինչ գործընթացներ են տեղի ունեցել, թե ո՞ր օրն է Շուշին վերահսկողության տակ գտնվել, ո՞ր օրն են մեր ջոկատները կարողացել գերակայություն նրանց նկատմամբ դրսևորել: Կարծում եմ, որ սա իսկապես այլևս ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է»:

Կապված այսօր կայանալիք հանրահավաքին և պահանջներին, Իվետա Տոնոյանը պատասխանեց.

«Այն, որ վարչապետի հրաժարականը հասունացած է, դա միանշանակ է»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս