«Թերևս, սխալված չեմ լինի ասել, որ Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը Գագիկ Ծառուկյանի խոստացած կամավորական ջոկատի բացակայությունն էր». Նիկոլ Փաշինյան

«Զրույց քաղաքացու հետ. իմ ամենամեծ մեղքը» շարքի ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Շուշիի անկման և դրա շուրջ ծավալվող խոսակցություններին։

«Ես ուզում եմ ասել, որ Շուշիի անկումից հետո երկու անգամ Շուշին ետ վերադարձնելու փորձեր են արվել, մեկը ձախողվել է ամբողջությամբ, մյուսը՝ մի ջոկատ հաջողվել է ներս մտնել Շուշի, և Շուշիի շուրջ ամբողջ հակասությունը լրատվությունների կապվում էին հենց սրա հետ, որովհետև մի օր, հիմա կոնկրետ օրը չեմ հիշում, Շուշին անցավ հակառակորդի հսկողության տակ։ Դրանից հետո մի գրոհ եղավ մեր կողմից Շուշին նորից հետ վերցնելու համար, նորից ձախողվեց, և հաջորդ օրը մեր ջոկատներից մեկին հաջողվեց մուտք գործել Շուշի, և ահա այդ հակասությունները՝ մարտերը շարունակվում են, ո՞ւմ հսկողության տակ է, ամբողջը կապվում է այս խնդրի հետ։ Բայց մեծ հաշվով իրադրությունը, ցավոք, այդ առումով չի հաջողվել փոխել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, քանի որ դավադրությունների մասին խոսակցություններն արդեն տեղափոխվում են քաղաքական մակարդակ…

«Ինձ, օրինակ, երեկ ասացին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե Շուշիի շուրջ դավադրություն է եղել, թե իբր հոկտեմբերի 28-ին, երբ դեռ կանգուն էր Շուշին, Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ էր խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում, բայց  ես չեմ համաձայնվել այդ ժամանակ, և  համաձայնվել եմ այն ժամանակ, երբ Շուշին արդեն կորսված է եղել, այսինքն՝ տենց ա եղել, էլի, պայմանավորվածություն է եղել։ Սա, իհարկե, բացարձակ անհեթեթություն է, որն արձանագրվում է  փաստերով։ Այնտեղ ասվում էր, որ ՌԴ-ն պատրաստ է եղել խաղաղապահներ մտցնել։ Ուրեմն՝ սա ի՞նչ կոնկրետ փաստերով է հերքվում այս պնդումը։ Հոկտեմբերի 22-ին «Ռիա նովոստիին» տված հարցազրույցում ես հայտարարել եմ, որ կողմ եմ  Ղարաբաղում ռուսական խաղաղապահների տեղակայմանը, նույնը կրկնել եմ հոկտեմբերի 25-ին հնդկական հեռուստատեսությանը տված հարցազրույցում»,- նշեց Ն. Փաշինյանը։

Նա նաև ընդգծեց, եթե խոսում են դավադրությունների կամ պատճառների մասին, պետք է արձանագրել այսպիսի փաստ, որ, երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բանտից դուրս էր եկել, հայտարարել էր, որ կազմելու է կամավորական ջոկատ և անձամբ է գլխավորելու այդ կամավորական ջոկատը։

«Հետո մենք տեսանք ռեպորտաժ, որ Ծառուկյանը հանդիպել է կամավորականների հետ, տեսանք նիվաներ, կամուֆլյաժ ներկով ներկած, տեսանք վիլիսներ և այլն։ Բայց այդպես էլ կարծես թե չտեսանք կամավորական ջոկատ, առավել ևս՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ  Շուշիի մոտակայքում կռվելիս, գուցե հենց սա է պատճառը, որ Շուշին ընկավ, որովհետև այդ խումբը, որն ասվում էր՝ կռվում է Շուշիի մոտակայքում, և մի խումբն էլ ներս էր թափանցել Շուշի, գուցե, եթե բավարար ռեզերվներ լինեին, հնարավոր կլիներ Շուշին պահել։

Թերևս, սխալված չեմ լինի ասել, որ Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը Գագիկ Ծառուկյանի խոստացած կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին: Գուցե սա մի փոքր սիմվոլիկ, բայց սիմվոլիկ էլ չէ։ Եթե էդ ջոկատը պատրաստ լիներ ՊԲ հրամանատարի տրամադրության ներքո, կարծում եմ՝ նա անհրաժեշտ պահին Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այդ ջոկատը կարող էր ուղարկել, որպեսզի նրանք օգնեն Շուշի մուտք գործած մեր խմբին և ամրացնեն այդ խմբի հաղթանակը: Բայց քանի որ հրապարակային հայտարարություններին չհետևեց գործողություն, չգիտեմ ինչ պատճառով…

Ինչպե՞ս ա լինում, որ հրապարակային հայտարարվում է կամուֆլյաժ, նիվաներ ցուցադրվում են, վիլիսները ցուցադրվում են, բայց հետո ոչ մի բան չի լինում, սրա մեջ կարա՞ դավաճանություն և դավադրություն լինի, համենայն դեպս, վարկած է, որն արժանի է քննության: Իսկ գուցե այդ նիվաները, վիլիսները, ջոկատները ոչ թե Շուշիում գործունեություն ծավալելու համար են ձևավորվել, այլ ՀՀ-ում գործունեություն ծավալելու համար են ձևավորվել: Համենայն դեպս, եթե այդպես է, այդ փաստը պետք է ստուգվի և արժանանա քրեաիրավական գնահատականի, ինչն անպայման տեղի կունենա,- շեշտեց վարչապետը և ուղիղ եթերն ավարտեց իր բոլոր ելույթների եզրափակիչ տողերով,- Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ»։

 

Տեսանյութեր

Լրահոս