«Պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, նա պետք է հեռանա, բայց միևնույն ժամանակ, մենք ցնցումների տանելու հայրենիք չունենք»․ Էդուարդ Շարմազանով

«Այս պատերազմի 44 օրերի ընթացքում մենք, մեր կուսակցական ընկերները, համախոհները, սառեցրել ենք ներքաղաքական օրակարգը, հայտարարություն ենք արել՝ սատար կանգնելու հայոց բանակին և 2 հայկական պետություններին, հնարավորինս փորձել ենք զերծ մնալ ներքաղաքական սադրանքներից, հնարավորինս ազմեն ինչ արել ենք աջակեցելու մեր ԶՈՒ-ին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ 2,5 տարի շարունակ ՀՀ իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, փակուղի մտցրեց բանակցային գործընթացը՝ անզգույշ, հակասական, էմոցիոնալ հայտարարություններով, որոնք, ըստ նրա՝ վնաս էին հասցնում թե՛ ՀՀ-ին, թե՛ Արցախի Հանրապետությանը․ «Այնպիսի հայտարարություններով, ինչպիսիք են՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», «ինչ պետք է՝ այն էլ բանակցում եմ», «պետք լինի՝ կխոսեմ նաև Ադրբեջանի ժողովրդի հետ», «պետք է լուծում, որը ընդունելի կլինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար» և նմանատիպ հայտարարություններ, որոնք թուլացրին հայկական կողմերի կառուցողական դիրքերը բանակցություններում։ Ավելին, նույն 2,5 տարիների ընթացքում Փաշինյանը, նրա շրջապատը, նրա մերձավորները միակողմանի խաղաղության, խաղաղասիրության  քարոզ էին իրականացնում նույն այն ժամանակ, երբ Էրդողանն ու Ալիևը համատեղ շքերթներ էին կազմակերպում և պատերազմի կոչեր անում, էլ չեմ ասում՝ պանթուրքիստական նկրտումներ։ Նույն այդ ժամանակ Հայաստանում տեղի էր ունենում հարձակում ազգային արժեքների, եկեղեցու վրա, ոտնձգություն հայոց պատմության ու լեզվի վրա, վարկաբեկվում էին Արցախի փառապանծ հերոսական ու հաղթական ճանապարհ անցած գեներալները, սպաները, որը իրոք շատ մտահոգիչ էր․ ստվեր էր գցվում ռազմահայրենասիրական դաստիարակության վրա»։

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ պատերազմի 44 օրերի ընթացքում իշխանությունները թվացյալ հաղթական կոչերով խաբելով ժողովրդին, թե՝ «հաղթելու ենք»,  «հաղթում ենք», « ամեն ինչ լավ է լինելու», հասցրեցին նրան, որ ստորագրվեց հայտարարություն, որը փաստացի կապիտուլյացիայի ակտ է․ «90-ականներից մինչև այսօր քննարկվող որևէ փաստաթուղթ նման տխուր և ոչ հայանպաստ լուծումներ չէր պարունակում, որևէ փաստաթղթի մեջ չկար նախկին ԼՂԻՄ տարածքների վերադարձ Ադրբեջանին՝ Հադրութ, Շուշի, նույնիսկ պատերազմից առաջ նման պահանջներ թուրք-ադրբեջանական տանդեմը չուներ։ Այս հանգրվանին մենք հասել ենք այս իշխանության ապաշնորհ կառավարման շնորհիվ։ Ես նաև հանդիպման ժամանակ եմ ասել վարչապետ Փաշինյանին, որ այս ամենի քաղաքական պատասխանատուն ինքն է։ Ավելին, նույն վարչապետը ժողովրդից ծածուկ ստորագրում է հայտարարություն․ դա այն վարչապետն էր, որը նախկինում հայտարարում էր, որ Արցախի հիմնահարցի վերաբերյալ եթե որևէ ընդունելի լուծում լինի, կհավաքվեն Հանրապետության հրապարակում և 3 մլն վարչապետների հետ կքննարկեն։ Սակայն, մենք տեսանք, որ այս խայտառակ գործարքը, դավադրական գործարքը տեղի ունեցավ ժողովրդից ծածուկ, առանց ժողովրդի հետ քննարկելու։ Դուք տեղյակ եք, որ ընդդիմադիր կուսակցությունները նույնիսկ 43 օր շարունակ ոչ մի քաղաքական պահանջ չէին ներկայացրել, մեր առաջարկությունները, մտահոգությունները, հորդորները ձայն բարբառո անապատի էին այս իշխանության և վարչապետի համար։ Կրկնում եմ՝ այս իրավիճակի քաղաքական պատասխանատուն ինքն է, և սա իր ոչ հետևողական, ոչ հայեցակարգային, ոչ պետականամետ քաղաքականության արդյունք էր։ Կուզեք՝ սա դավադրություն համարեք, կուզեք՝ սա դավաճանություն համարեք, կուզեք՝ սա հակապետական գործողություն համարեք, բայց կրկնում եմ՝ նույնիսկ պատերազմից առաջ թուրքերն ու ադրբեջանցիները չէին կարող երազել նման արդյունքի մասին»։

Անդրադառնալով կառավարության և վարչապետի անցնցում հեռացման պահանջին, նշեց, որ ունեն համոզում՝ ՀՀ-ին և Արցախին որևէ ցնցում պետք չէ․ «Դրա փոխարեն՝ իր լայվերով Նիկոլ Փաշինյանը մեղքը իր վրայից գցում է, մեղավորներ նշանակում թե՛ մեզ, թե՛ ժողովրդին, գեներալներին, սպաներին, բանակին․ բոլորը մեղավոր են, բացի իրենից։ Չմոռանանք, որ իրենց իշխանությունն էր ասում՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», իրենք էին խոստանում Սարդարապատ, բայց ստացանք Կարսի խայտառակ հանձնում։ Մենք բացի միասնության և կոնսոլիդացիայի կոչերից՝ այլ բան չենք արել։ Փաշինյանը դեռ ժամանակ ունի՝ ճիշտ որոշում կայացնելու, չգնալու ցնցումների ճանապարհով, որին ինքը տանում է մեր հասարակությանը, իր լայվերով խոսում վրեժներից, վենդետաներից․ այսօր դրա ժամանա՞կն է, ինքը մեկ քայլ պետք է անի՝ պետք է հեռանա։ Ես միևնույն ժամանակ դատապարտում եմ հակաօրինական, բռնության ցանկացած դեպք․ տեղի ունեցածն անընդունելի է մեզ համար։ Սիրելի ժողովուրդ, մենք ապրում ենք մեր պատմության ամենաօրհասական պահերը, ես համերաշխության ու օրինականության, քաղաքացիական բախումներից խուսափելու կոչ եմ անում ձեզ։ Այո, պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, նա պետք է հեռանա, բայց միևնույն ժամանակ, մենք ցնցումների տանելու հայրենիք չունենք։ Եվ հենց այս գաղափարն է, որ ես քննարկել եմ նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ»։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ իշխանությունը որևէ մեկի համար չի կարող լինել նպատակ․ «Իշխանական աթոռը ներքաղաքական կայունությունից ու ազգի փրկությունից ավելի կարևոր չէ»։

Տեսանյութեր

Լրահոս