«Մենք չենք պարտվել, ամեն ինչ առջևում է». Արայիկ Հարությունյան
«Կողմ էի, որովհետև հուսահատված չէի, եթե հուսահատված լինեի, կմտածեի՝ շարունակել կռիվը կյանքի գնով, հասկանալով, որ պարտվելու, կորցնելու ենք Արցախը: Ամեն ինչ առջևում է: Արցախը, հայ ազգը, Հայաստանը շատ ծանր օրեր ենք ունեցել պատմության մեջ, բայց կարողացել ենք ինչ-որ տեղ իմաստուն որոշումներ կայացնելով՝ հետագայում, ճիշտ ճանապարհով ընթանալով, և նաև հաջողություններ արձանագրելով»,- իր ուղերձում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Իսկ ո՞վ է ասում, որ դրանով ավարտվում է ամեն ինչ. դրանով սկսվում է: Մենք ավելի սթափ որոշում կայացնելու հնարավորություն ունենալու ենք, դրա համար մեզ պետք է համերաշխություն: Համերաշխություն, առաջին հերթին, Հայաստանում, Արցախում, հայ ժողովրդի մեջ: Մեր ամենամեծ հակառակորդը եղել է պառակտումն ու խուճապը: Համազգային խնդիրները դեռևս առջևում են, մեր տեսիլքը դեռևս չի մարել, հակառակը՝ մենք ունենք երազանք, մենք ունենք երազած հայրենիք: Դրա համար պետք է պահպանել համերաշխությունը, և զերծ մնալ այնպիսի երևույթներից, որը հարիր չէ մեր ազգին, մեր ժողովրդին: Ունենք քաղաքակիրթ որոշումներ կայացնելու հնարավորություններ, ունենք քննարկումներ իրականացնելու հնարավորություններ, և ճիշտ որոշումներ կայացնելու ոչ միայն հնարավորություններ, այլև անհրաժեշտություն, նույնիսկ, կրկնում եմ՝ դեռ նոր է սկսվում ամեն ինչ, չեմ ուզում բացել փակագծերը՝ ամեն ինչ:
Մենք չենք պարտվել, ամեն ինչ առջևում է: Պետք է մտածել, մտածել, նորից մտածել, գնահատել, որից հետո որոշումներ կայացնել: Ես սկսել եմ արդեն կոնսուլտացիաներ Ղարաբաղի քաղաքական գործիչների, ռազմական գործիչների, քաղաքական ուժերի, ամբողջ գիշեր, մինչև այդ էլ բոլորի հետ կապվում էի, բոլորի հետ շփվում էի: Բոլորը պատրաստակամ են համագործակցել: Այսօր արդեն հանդիպել եմ ՀՅԴ ներկայացուցչի հետ, Վիտալի Բալասանյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ, հեռախոսազրուցներ եմ ունեցել տարբեր ռազմական գործիչների հետ՝ Լևոն Մնացականյանի, Սամվել Կարապետյանի, Արթուր Աղաբեկյանի… կարող է մոռացել եմ անուններ, բայց ուզում եմ նշել, որ եկել ենք մի համաձայնության, որ պետք է ցանկացած որոշում կայացնելուց առաջ, իսկ մեր որոշումները դեռ առջևում են, միասին կայացնենք»,- ընդգծեց նա:
Արայիկ Հարությունյանը սթափության կոչ արեց. «Սիրելի հայրենակիցներ, սթափվենք. քաղաքացիական պատերազմը, անհանդուրժողականությունը ավելի մեծ սպառնալիք է մեր երկրին, ոչ միայն Արցախ աշխարհին, այլ Հայաստան աշխարհին: Դրա համար համախմբվենք և ցանկացած որոշում կայացնելուց առաջ գնահատենք: Առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնեմ Արցախում մեր քայլերի առումով, ես նշեցի, որ սկսել եմ կոնսուլտացիաներ և բոլորի հետ քննարկելուց հետո կներկայացնեմ: Ի դեպ, վերջին մի քանի օրերին հաճախակի քննարկումներ եմ ունեցել և բոլորն էլ միակարծիք էին՝ փորձել ժամանակավոր, թե մշտական զինադադար ունենալ: Չի եղել մեկը, որ ասի՝ ոչ, մենք շարունակում ենք կռվել, որովհետև բոլորն էլ գիտեինք, որ չկան այդ ռեսուրսները: Բոլորն էլ նույն կարծիքին էին, որ ցանկացած փաստաթուղթ պետք է չոտնահարի մեր արժանապատվությունը, դրա համար մենք հասկանում ենք, որ անխուսափելի էր զինադադար ունենալը, մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին, նորից կրկնում եմ՝ փրկելու ամբողջ Արցախը, որովհետև մենք կորցնում էինք օրերի ընթացքում ամբողջ Արցախը, նաև՝ շատ-շատ մարդկային կյանքեր, մանավանդ զինվորների, որոնց ծառայությունը մեր երկրի համար դեռ առջևում է»:
Արցախի նախագահը հավելեց, որ ցավ է ապրում բոլոր զոհերի համար. «Ցավ եմ ապրում բոլորի համար, շատ-շատ հարազատներ եմ կորցրել այս մի քանի օրերի ընթացքում, արտասվել, իմ ելույթներում կեղծ ժպտացել, որպեսզի հասարակությունը չիմանա այն դառնությունները, որ մենք ունենում էինք ամեն օր: Բայց ամեն ինչ առջևում է»: