Թիկունքն այս իրավիճակում պետք է ամուր մնա, պիտի հաստատուն լինի համերաշխությունն ու կայունությունը, որպեսզի կարողանանք միասնաբար լուծումներ ու ելքեր գտնել հանուն Արցախի ու Հայաստանի․ Գարեգին Բ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերչձ է հղել ժողովրդին, որում, մասնավորապես, ասված է․

«Սիրելի հավատավոր զավակներ,

Արցախյան հակամարտության հանգուցալուծման առնչությամբ վերջին ժամերին մեր հայրենիքում տեղ գտնող զարգացումները, կայացված որոշումները փոթորկել են ամենքիս հոգին։ Մեր հայացքի առջև են անցնող ավելի քան երեք տասնամյակներին հանուն Արցախի անկախության պայքարած ու տքնած, իրենց կյանքն ընծայած մեր հայորդիները, վերջին 44 օրերի ընթացքում նահատակությամբ իրենց կյանքը փառավորած սիրելիները, պատերազմի տառապանքը հաղթահարող մեր քաջարի արցախահայությունը, այս պահին առաջնագծում անհողդողդ կանգնած ամեն մի զինվորն ու հրամանատարը։ Ծանր բաժին է ընկել մեզ բոլորիս, բայց նաև պատասխանատվություն՝ ի շահ հայրենիքի գործելու սթափ քաջությամբ, հեռատես իմաստությամբ և անսակարկ վճռականությամբ։

Աղոթք է մեր սրտում հանուն համազգային մեր խոհեմության և միասնականության։ Դարավոր մեր պատմության դասերի քաջ գիտակցությամբ և ազգային միաբանության պահպանման անհրաժեշտությամբ կոչ ենք անում պահպանել հանդարտությունը և չտրվել մեզ փոթորկող զգացումների անհարկի դրսևորումներին, զերծ մնալ բռնություններից և անկարգություններից։ Առկա ճգնաժամը պետք է իր կարգավորումը ստանա Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ուժերի միասնական ջանքերով։

Սիրելիներ, մեր պահվածքը երբեք չպետք է վտանգի առաջնագծում խրամատների մեջ իրենց սրբազան ծառայությունը քաջությամբ շարունակող զինվորների կյանքը։ Թիկունքը այս իրավիճակում առավել քան երբևէ պետք է ամուր մնա, թիկունքում պիտի հաստատուն լինի համերաշխությունն ու կայունությունը, որպեսզի կարողանանք միասնաբար լուծումներ ու ելքեր գտնել հանուն Արցախի ու Հայաստանի, հանուն մեր ժողովրդի անվտանգ և ապահով կյանքի։

Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Արցախի իշխանություններին անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնելու մեր ժողովրդին ի հայրենիս, յԱրցախ և ի սփյուռս՝ կայացված որոշումների և հայրենի մեր երկրի ապագայի վրա դրանց ներազդեցության վերաբերյալ։

Մենք խոնարհվում ենք մեր հայրենյաց պաշտպանների հաղթական ոգու առջև և բարձրորեն գնահատում ենք ազգիս յուրաքանչյուր զավակի անձնվիրումն ու զոհողությունը: Մենք հավատում ենք մեր ժողովրդի իմաստությանը։

Աստված պահապան մեզ և մեր հայրենիքին»։

Տեսանյութեր

Լրահոս