«Հիմա ես ունեմ զգացողություն, որ երկրում չկա իշխանություն։ խնդրում եմ թույլ տվեք, որ պատգամավորները գան ԱԺ». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ անդրադարձավ ստեղծված իրավիճակին։
Նա տեղեկացրեց, որ այս պահին գտնվում է խորհրդարանում, նրա հետ են նաև խմբակցության պատգամավորները, նաև բազմաթիվ քաղաքացիներ, որոնք արդեն մուտք են գործել ԱԺ շենք։
«Իրավիճակն իսկապես լարված է և այս իրավիճակից մեզ պետք են ելքեր։ Այս իրավիճակից մենք չենք կարող անիշխանությամբ դուրս գալ։ Մեզ պետք է ընդունել հստակ որոշումներ և այդ որոշումները պետք է ընդունել խորհրդարանում։ Հայաստանը խորհրդարանական երկիր է, հենց հիմա ես ունեմ զգացողություն, որ երկրում չկա իշխանություն։ Այս առումով պետք է դրսում կանգնած քաղաքացիներին խնդրեմ, որ չտրվեն որևէ պրովոկացիայի։ Ամենակարևորը՝ նրանք պետք է թույլ տան, որ ԱԺ պատգամավորները՝ «Իմ քայլը» խմբակցությունից կարողանան գալ խորհրդարան»,–նշեց Էդմոն Մարուքյանը։
Նա դրսում հավաքվածներին ևս մեկ անգամ խնդրեց, որ չխոչընդոտեն պատգամավորների մուտքը խորհրդարան, քանի որ այս պահին երկրում գործող միակ ուժը խորհրդարանն է։
Էդմոն Մարուքյանը նաև հավելեց, որ եթե խորհրդարանում քվորում չապահովվի, ոչինչ չեն կարողանալու անել։
«Սթափ գնահատեք իրավիճակը, մեր երկիրը պատերազմի մեջ է, մեր սրբություն բանակն ամուր կանգնած է դիրքերում և մենք իրավունք չունենք մեզ այստեղ այլ կերպ պահելու, քան պետք է պահենք ամենաբարձր քաղաքացիական ինքնագիտակցությամբ։ Խնդրում եմ թույլ տվեք, որ պատգամավորները գան ԱԺ, եթե նրանք չգան, ապա մենք չենք կարող փոխել մեր ընդունած որոշումը»,–եզրափակեց Էդմոն Մարուքյանը։