«Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են. մենք ժողովրդից թաքցնելու բան չունենք». ՊԲ ներկայացուցիչ
Վերջին երեք-չորս օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ: Այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել և պաշտպանում են Արցախի խորհրդանիշներից մեկը` հինավուրց բերդաքաղաք Շուշին, և պատրաստ են, վճռականորեն տրամադրված պատվով կատարել իրենց խնդիրը:
Ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը:
«Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ, գրոհող ստորաբաժանումները, խմբավորումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության, կրել մեծ կորուստներ: Այդ հատվածում մեր ստորաբաժանումներին հաջողվել է գերեվարել երկու ադրբեջանցի զինծառայող»,-ասաց նա:
ՊԲ ներկահացուցիչը հայտնեց, որ հակառակորդը մարտական գործողություններ ձեռնարկել է նաև ռազմաճակատի մյուս հատվածներում, և յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Ինչպես տեղեկացվեց, տարբեր ուղղություններում օրվա ընթացքում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա, 8 ԱԹՍ: Իսկ հարավարևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում մեր բանակային ստորաբաժանումներին հաջողվել է որպես ռազմավար վերցնել հակառակորդի 1 տանկ և հրետանային միջոցներ:
«Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռևս շարունակվում են: Մարտական գործողությունները ենթադրում են որոշակի տրամաբանություն, գործողությունների զարգացում, և դրանց համար որոշակի ժամանակահատված: Ըստ այդմ` մարտական գործողությունների արդյունքերի մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ դրանք ավարտին են մոտենում, կամ արդեն ավարտվել են: Այս առումով ցանկանում եմ վստահեցնել, որ մարտական գործողությունների աշխարհագրությունը գաղտնիություն է ենթադրում, այդ իսկ պատճառով նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին: Մենք մեր ժողովրդից թաքցնելու բան չունենք, հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը և պաշտոնական աղբյուրներին:
Ադրբեջանական կողմը կարողացել է ներթափանցել որոշ ուղղություններում Արցախի բուն տարածք: Այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել մարտավարական նկատառումներով»,-մանրամասնեց Սուրեն Սարումյանը:
ՊԲ ներկայացուցիչը վստահեցրեց` Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու, վստահ եղեք, որ բանակը կարողանալու է ջարդել հակառակորդին, կարողանալու է զսպել նրա զավթողական նկրտումները և անվերապահորեն կատարել իր խնդիրները: