«Ադրբեջանական հարձակողական պոտենցիալն արդեն իսկ սպառվել է, վերջին ուժերն է նետում մարտի դաշտ»․ադրբեջանագետ
Ադրբեջանի բնակչությունը շարունակում է կամ փորձում է հավատալ իրենց ղեկավարի ամենօրյա ստերին։ Սեպտեմբերի 27-ից՝ իրենց կողմից սանձազերծված պատերազմի առաջին օրերին գրաված մի գյուղը գրեթե ամեն օր գրավում ու հրճվում են։ Հետո ուրախանում են իրենց տգետ ֆոտոշոփի վարպետների կատարած գործերը տեսնելով։
«Ուզում էին իրենց ազգային դրոշի օրը Շուշիում դրոշ բարձրացնել, ինչը ևս ձախողվեց։ Սակայն իրենք ապրում են ոչ իրական աշխարհում։ Երեկ՝ նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի լիդեր ֆաշիստ Ալիևն իրենց ազգային հեռուստաընկերությամբ հայտարարեց, թե արդեն գրավել են Շուշին։ Հասարակությունը իրականությունը չգիտի, միայն պետական քարոզչամեքենայի միջոցներից է սնվում։ Այնպես որ՝ համոզված եմ, ինչքան երկար կարողանանք դիմադրել, այդքան ավելի շատ կունենանք, օրինակ՝ ռազմական օգնություն։ Իհարկե, ոչ ոք մեր փոխարեն չի գնա կռվելու, բայց օժանդակություն կլինի։ Ադրբեջանական հարձակողական պոտենցիալն արդեն իսկ սպառվել է, արդեն վերջին ուժերն է նետում մարտի դաշտ։ Իհարկե, գալիս է նոր օգնությունը, Իսրայելից զենքեր են բերում, Թուրքիայից վարձկաններ, և այլն, բայց այն, որ Ալիևը բացահայտ, դիվանագիտական ցանկացած շղարշ թողած՝ հարձակում գործեց Ռուսաստանի քաղաքական էլիտայի վրա և ՌԴ-ին մեղադրեց երկերեսանիության մեջ․ դա նրա վրա այդքան էժան չի նստի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ ընդգծելով, որ ակներև է՝ վերջին շրջանում ՌԴ բարձրաստիճան ղեկավարության շուրթերով շարունակում են պնդել, որ Ադրբեջանի տարածքում ահաբեկիչներ են գտնվում։ Ռուսաստանը հարվածում է Թուրքիայի դիրքերին՝ Սիրիայում, և արդեն թուրքերը ստիպված են եղել որոշ չափով դուրս բերել զորքերն իրենց կողմից վերահսկվող տարածքներից։
«Ուստի, անառողջ հասարակությունում, ինչպիսին Ադրբեջանում է, դժվար է տրամաբանող մարդ գտնել, բայց այս պարագայում մեր ամենամեծ նպատակը հիմա, ինչպես Ստալինգրադում, այն է, որ կարողանանք պահել մեր ուժերը և լեռնային դիրքերից մաքրել թշնամուն։ Իսկ երբ ամբողջ ռազմական պոտենցիալն Ադրբեջանը կորցնի վերջնականապես, կկարողանանք նաև հարթավայրերից դուրս շպրտել, անգամ նոր տարածքներ ազատագրել։ Պետք է հակահարձակման անցնենք նաև դիվանագիտական դաշտում, և հարվածներ հասցնենք այս ճակատում ևս։ Պետք է հասնենք նաև Արցախի ճանաչմանը՝ նախևառաջ Հայաստանի կողմից»,- նշեց Գրիգորի Այվազյանը։