Ես սեպտեմբերի 28-ից Ստեփանակերտում էի, մեր փառապանծ գեներալների հետ, դուք չեք կարող դա չիմանալ. Արցախի նախկին վարչապետը` Վահրամ Պողոսյանին
Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում, ի պատասխան Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի այն դիտարկման, թե` «Չգիտեմ, որտեղից եք գրում, բայց այս ընթացքում գոնե մեկ անգամ Արցախում Ձեզ չտեսանք։ Որակումներ տալուց առաջ Ստեփանակերտ եկեք, խոստանում եմ Ձեզ Շուշի կճանապարհենք, որ այնտեղից ավելի համարձակ գրառումներ անեք։ Ամոթ է ուղղակի», գրել է. «Վահրամ, ես սեպտեմբերի 28-ից արդեն Ստեփանակերտում էի, դուք չեք կարող դա չիմանալ, որովհետև ես ամեն օր մեր փառապանծ գեներալների հետ էի։ 10 օր առաջ Շուշիում։ Ինչ մնում է իմ գրառմանը, ապա ես գրել եմ պանիկյորների մասին, առանց անձնավորելու, լավ հասկանալով, թե ինչ վնաս է տալիս խուճապը պատերազմի պայմաններում։ Ցավոք, ես էլ ձեզ չտեսա, որը իհարկե, չի նշանակում, թե դուք Ստեփանակերտում չեք։ Մեզ բոլորիս հաղթանակ եմ մաղթում»։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր.
«Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, ովքեր ավելի քան մեկ օր է, ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին»։