«Սպասենք լավ լուրերի, հուսանք, որ ամբողջությամբ Շուշին՝ շրջակայքով, ձորերով, անտառներով, դեպի Բերձոր ճանապարհով, մաքրված կլինի թուրք ոսոխից». Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն Արցախում է, նա մեկ Շուշիում է, մեկ՝ Ստեփանակերտում, մեկ՝ Քարվաճառում։ Շրջում է Արցախի բոլոր բնակավայրերով, աղոթում ու քաջալերում սահմանին կանգնած հայ զինվորներին։ Իսկ դիրքերից իջնելուց հետո, թշնամու կողմից հրետակոծության ենթարկված Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում աղոթ հղում առ Աստված՝ Արցախ աշխարհի խաղաղության և հայ զինվորի անվտանգության համար։

168.am-ի հետ զրույցում գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ  այսօր է Շուշիից վերադարձել Ստեփանակերտ։

«Սպասենք լավ լուրերի, հուսանք, որ ամբողջությամբ Շուշին՝ շրջակայքով, ձորերով, անտառներով, դեպի Բերձոր ճանապարհով, մաքրված կլինի թուրք ոսոխից։ Այս քանի օրերի ընթացքում, երբ ինչ-ինչ դժվարություններ էր առաջացրել թշնամին, հուսանք՝ վերացած կլինի։ Շուշին միշտ մնալու է Շուշի՝ անառիկ, հպարտ ու հաղթական։ Մեր հաղթանակների թագն ու պսակը եղել է Շուշին և այդպես էլ շարունակվելու է։ Վստահ եմ, որ այս պատերազմը չի ավարտվելու Շուշիի մերձակայքում, այլ ավարտվելու է մեր երազած, ցանկացած, սիրելի հայրենիքի լայն կետերում, որոնցից մեկը Քուռն է»,- նշեց գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Ըստ սրբազանի, սահմանին կանգնած տղաներն ունեն պայքարելու տրամադրություն, մեծ ոգով և առանց թուլանալու, ամուր կանգնած են հողին, չնայած թշնամու ահռելի ուժին։

«Ես չգիտեմ` այդ կռվողների մեջ ադրբեջանցիներ կա՞ն, թե՞ ոչ, բոլորը Թուրքիայի բերած ահաբեկիչներն են, թուրք-ադրբեջանական-ահաբեկչական ամբողջ կոալիցիան դուրս է եկել մեր տղաների դեմ։ Պատկերացրեք, որ այդ ուժին մեր տղաները ոչ միայն դիմակայում են, այլև ջախջախում են։ Այս ամենով էլ պայմանավորված է մեր տղաների բարձր ու մարտական տրամադրությունը։ Ցավոք, ունենք զոհեր, վիրավորներ։ Աստված թող զորացնի մեր պաշտելի զինվորներին ու սպաներին, բարձր հրամանատարական կազմին։ Մեր զոհված տղաների հոգիները թող լույս դառնան, վիրավոր մեր եղբայրներն ու ընկերներն էլ ապաքինվեն։ Մենք հաղթելու ենք ոչ միայն՝ ասելով, այլև՝ ուղղակի ռազմի դաշտում ցույց տալով, այդպիսով պարզելով մեր եռագույնը ամբողջ աշխարհին, Աստծո ուժով»,- եզրափակեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Հ․Գ․ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ զրուցել ենք 16։30–ին։

Տեսանյութեր

Լրահոս