«Մեր գրությունից անցել է երկու շաբաթ, մեր հարցերն այդպես էլ պատասխան չեն ստացել, դրանց գումարվել են նաև բազմաթիվ այլ հարցեր». Իվետա Տոնոյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հիշեցրեց, որ դեռևս հոկտեմբերի 27-ին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունները դիմել էին վարչապետին՝ հրատապ կարգով Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու համար։
«Այդ ժամանակահատվածում կային բազմաթիվ կուտակված հարցեր, որոնց պատասխանելու կոնֆեդենցիան բացառապես Անվտանգության խորհրդի անդամներին էր պատկանում։ Ցավոք, մեր այդ առաջարկն այդպես էլ արձագանք չգտավ։ Մասնավորապես, իշխանության ներկայացուցիչները սահմանափակվեցին վարչապետի այն հայտարարությամբ, թե օրեր առաջ այդ ձևաչափով հանդիպում արդեն կայացել է։ Սակայն ինձ համար սա առավել քան տարօրինակ ձևակերպում է, քանի որ ռազմական դրության պայմաններում, պատերազմական իրավիճակում, երբ յուրաքանչյուր վայրկյան սահմանին իրավիճակ է փոխվում, կարծում եմ՝ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, եթե գտնում են անհրաժեշտությունը և հրամայականը, ապա հարկ է, որ դրան որոշակի արձագանք, այդուհանդերձ, լիներ։ Այս մեր գրությունից անցել է երկու շաբաթ, բնականաբար, մեր այս հարցերն այդպես էլ պատասխան չեն ստացել, դրանց գումարվել են նաև բազմաթիվ այլ հարցեր։ Այսօր առավել քան անհրաժեշտ ու հրամայական ենք դիտարկում նմանատիպ հանդիպման անցկացումը։ Այս պահին վարչապետից չունենք որևէ արձագանք, այն լինելուն պես, բնականաբար, կներկայացնենք հանրությանը և լրատվամիջոցներին»,- ասաց Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունները կրկին դիմել են վարչապետին՝ հրատապ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու խնդրով։
Իվետա Տոնոյանն ընդգծեց, որ գրեթե վստահ է, որ Արցախում տեղի ունեցող գործընթացների հետ կապված, տեղեկատվությանը 100 տոկոսով տիրապետում են բացառապես իշխանությունները՝ վարչապետը, Անվտանգության խորհրդի անդամները։ Հետևաբար՝ խորհրդարանում ներկայացված երկու ընդդիմադիր ուժերն առավել քան իրավասու են ունենալ ցանկություն՝ տիրապետելու տեղեկատվությանը, որը կապված է Արցախի անվտանգության և ՀՀ սահմանների անվտանգության հետ։