Բաժիններ՝

Մարտունի քաղաքից ժամանակավոր Լոռու մարզ տեղափոխված ընտանիքին անհրաժեշտ է սնունդ, հագուստ, տաքացուցիչ

Արցախի Մարտունի քաղաքից ժամանակավոր Լոռու մարզի Ջրաշեն գյուղում բնակություն հաստատած ընտանիքն օգնության կարիք ունի․անհրաժեշտ է կաթի փոշի, տակդիր, հագուստ, տաքացուցիչ, վերմակ, դոշակ։

«3 հոգով ենք տեղափոխվել՝ ես, սկեսուրս և աղջիկս, ով 4 ամսական է, նա նույնպես շորի կարիք ունի, դիմել ենք համայնքապետարան, ասել են՝ սպասեք։ Տղաս ու ամուսինս առաջնագծում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լիլիա Պետրոսյանը։

Նա նշեց, որ մասնագիտությամբ խոհարար է, եթե լինի աշխատանքի առաջարկ՝ անպայման կաշխատի ու կփորձի հոգալ ընտանիքի կարիքները։

Օգնելու համար գործում է հետևյալ հաշվեհամարը՝

Ի դրամ՝ 867549447,  Նարինե Կիրակոսյանի անունով։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու և նրանց սոցիալական աջակցությունը համակարգելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է Արցախից ժամանող քաղաքացիների ժամանակավոր կայանման կետ:

Արցախից նոր ժամանող քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ:

Կայանման կետը գործում է շուրջօրյա՝ ապահովելով միջգերատեսչական համագործակցություն՝ քաղաքացիների կարիքներին հնարավորինս օպերատիվ արձագանքելու համար:

Հիշեցնենք, որ ռազմական դրության պայմաններում 117 հեռախոսահամարով գործում է տեղեկատվական թեժ գիծը, որին կարող եք զանգահարել բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս