
«Սեյրան Օհանյանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատարը, այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ». Ա. Հովհաննիսյան

Խախտելով մարտավարության կանոնները, տրամաբանությունը, զենքը ձեռքին բարձրաստիճան հրամանատարությունը իջնում, գնում է զորքի կողքին կանգնում է և անձնուրաց կռվում է, խոցում թշնամու տանկը, զրահամեքենան:
Ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, թե չպետք է շտապել, այլ սպասել պաշտոնական հաղորդագրություններին:
«Սպասենք Շուշիի ճակատամարտի ավարտին: Ես վստահ եմ` ճակատամարտը մեր զորքը փառքով է ավարտելու և մենք հաղթելու ենք»,-նշեց նա:
Այս համատեքստում Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի վիրավորվել Արցախում, այդ տեղեկությունը կեղծ է, և որ նա այսօր Շուշին պաշտպանողներից է:
«Սեյրան Օհանյանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատարը, Արցախի հերոսը, այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող կենդանի լեգենդ։ Ու ես հավատում եմ ու վստահ եմ, որ մենք նաև նրա հրամանատարությամբ նրա զինակիցների գործը փառքով ավարտին կհասցնենք։ Կեղծ է լուրը, որ նա վիրավորվել է, նման բան տեղի չի ունեցել։ Նա այսօր էլ կանգնած է զորքի կողքին և կռվում է»,- ընդգծեց ՊՆ ներկայացուցիչը: