COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվն անցել է 50 միլիոնից

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 50 մլն 278 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 մլն 256 հազարից: Ապաքինվել է ավելի քան 35 միլիոն 556 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 10 մլն 182 հազար 977 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 243 հազար 257 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 8 մլն 507 հազար 754-ի, մահերինը՝ 126 հազար 162-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 5 մլն 653 հազար 561 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 162 հազար 286 մարդ: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 1 մլն 753 հազար 836 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 30 հազար 251 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ֆրանսիան է, որտեղ կա կորոնավիրուսի 1 մլն 748 հազար 705 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 40 հազար 169 մարդ:

Իսպանիան առանձնանում է 1 մլն 388 հազար 411 ընդհանուր, 38 հազար 833 մահվան դեպքով: Վարակվածների թվով տասնյակում են Արգենտինան, Մեծ Բրիտանիան, Կոլումբիան, Մեքսիկան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 673 հազար 250 վարակվածության ընդհանուր, 37 հազար 832 մահվան դեպքով: Թուրքիան 26-րդ տեղում է: Այստեղ կա կորոնավիրուսով վարակվածության 391 հազար 739 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 10 հազար 803 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 57 հազար 753-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 475 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 59-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 86 հազար 212 է, որից ապաքինվել է 81 հազար 168-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 218 երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա):

Տեսանյութեր

Լրահոս