«Երեկ ես վերջնականապես համոզվեցի, որ մեր հանրության ամենաադեկվատ, ամենասթափ ու ամենակայուն խավը զինվորականությունն է»
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուշիի մերձակայքում մեր զինված ուժերի նախօրեի և գիշերվա հաջողությունները չափազանց ոգևորող են։ Տղերքից ում հետ խոսում եմ, տրամադրությունները շատ բարձր ու մարտական է։ Իրապես շատ դրական լիցքեր ու էմոցիաներ փոխանցեցին։ Վստահ եմ՝ առաջիկայում էլ այդպես կլինի։
Բայց կարևոր մի հանգամանք կա, որ անհանգստացնում է։ Խոսքը քաղաքական դաշտից ստացվող տեղեկությունների մասին է։ Երեկ ես վերջնականապես համոզվեցի, որ մեր հանրության ամենաադեկվատ, ամենասթափ ու ամենակայուն խավը զինվորականությունն է։ Հատկապես՝ ռազմական բարձրագույն ղեկավարությունը։ Էն որ ոչինչի մեջ չի խառնվում, ոչ մի տեղ անձնական շահ չի փնտրում, չի փիարվում, մեկ միավոր արդյունքը երկուսի փոխարեն չի վաճառում, այլ այդ ամենի փոխարեն սուս ու փուս աշխատում է։ Այո, հենց աշխատում։ Ու արդյունք ստանում։
Ու եթե քաղաքականությունը սկսի հասկանալ մեր զինվորականությանը, հասարակությունն էլ ոչ թե էմոցիաներով, առավել ևս՝ խուճապային տրամադրություններով առաջնորդվի, ուրեմն մենք շուտով փայլուն արդյունքներ ենք ունենալու։ Հակառակ պարագայում էլ կունենանք այդ արդյունքները, ուղղակի ստիպված կլինենք դրա համար ավելի ծանր գին վճարել, քան իմ նշած առաջին դեպքում»։