
«Կոնկրետ տեքստ չի եղել. Արցախի նախագահը մտքեր է փոխանակել և լսել քաղաքական ուժերի կարծիքները». Վահրամ Պողոսյան

Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է երկրի Ազգային ժողովի խմբակցությունների հետ:
Քննարկվել է ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր:
Թե ինչ հնարավոր քաղաքական որոշումների մասին կարող է խոսք լինել, Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Արցախի իշխանությունները շարունակում են մնալ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից:
«Նախագահի հանդիպումը ԱՀ խորհրդարանական ուժերի հետ այդ համատեքստում է եղել: Ի վերջո, անկախ Ադրբեջանի իշխանությունների դրսևորած ագրեսիվ գործողություններից, հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, և պաշտոնական Բաքուն պարտավոր է բանակցային սեղանի շուրջ նստել: Արցախի նախագահն ընդամենը մտքեր է փոխանակել քաղաքական ուժերի հետ, լսել նրանց կարծիքները»,- շեշտեց նա՝ հավելելով, որ պատերազմը շարունակվում է, և բոլոր ջանքերն այսօր ուղղված են ռազմաճակատին:
Մեր հարցին՝ արդյոք եղե՞լ է կոնկրետ տեքստ, առաջարկ, որի մասին բարձրաձայնվել է, և որի հետ համաձայնվողներ կամ չհամաձայնվողներ են եղել, Վահրամ Պողոսյանը պատասխանեց՝ ոչ:
168.am-ը երեկվանից փորձեց հանդիպման հետ կապված մեկնաբանություն ստանալ նաև «Հայ հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանից, որը ներկա է եղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը, բայց մեզ դա չհաջողվեց՝ Մոսիյանի զբաղված կամ խորհրդակցության լինելու պատճառով:
Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն էլ ասաց, որ նախաձեռնությունը նախագահականինն է եղել, ուստի ճիշտ կլինի, որ այն նախ՝ մեկնաբանի Արցախի նախագահի խոսնակը, որի հրապարակայնացումից հետո էլ իրենք իրենց դիրքորոշումը կհայտնեն:
«Իրենց մեկնաբանությունը հենց հրապարակային լինի, ես կխոսեմ մեր դիրքորոշման մասին»,- նշեց նա: