
SOAD-ը 15-ամյա դադարից հետո նոր երգեր է ստեղծել՝ նվիրելով Արցախի գոյապայքարին

Հեղինակավոր System of a Down ռոք խումբը վերջին 15 տարվա ընթացքում երկու նոր երգ է գրել, որոնք նվիրված են Արցախում ընթացող պատերազմին: Խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է երգերի անվանումները՝ «Protect The Land» և «Genocidal Humanoidz»:
«Այս երկու երգերը պատմում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որը սանձազերծվել է մեր հայրենիքի՝ Արցախի և Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանում Ալիևի և Թուրքիայում Էրդողանի կոռումպացված ռեժիմները ոչ միայն ցանկանում են Արցախն ու Հայաստանը հռչակել իրենցը, այլև անպատիժ իրականացնում են ցեղասպան գործողություններ մարդկության նկատմամբ՝ իրենց նպատակին հասնելու համար: Նրանք անում են դա հիմա՝ մտածելով, որ աշխարհը բավական զբաղված է կորոնավիրուսի համավարակով, ընտրություններով և քաղաքացիական անհնազանդություններով, որպեսզի արձագանքի իրենց վայրագություններին»,- գրել է Թանկյանը:
Ռոք երաժիշտը նշել է, որ երգերը կարելի է գնել այստեղ, իսկ գումարը կուղղվի պատերազմից տուժածներին օգնության տրամադրմանը: