Բաժիններ՝

Քաղաքապետարանի բողոքը՝ ընդդեմ «ԿԱՄԱԶ Արմենիա» ընկերության

168.am-ը գնումների ռեեստրից տեղեկացավ, որ սույն թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գնումների բողոքների քննության ընթացակարգ «ԿԱՄԱԶ Արմենիա» ընկերության մասնակցությամբ. բողոքի քննության պատվիրատուն Երևանի քաղաքապետարանն է: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ այդ բողոքարկման քննությունը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 15-ը:

168.am-ը Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանին գրավոր հարցմամբ խնդրեց տեղեկություն տրամադրել, թե ո՞րն է բողոքի էությունը՝ հաշվի առնելով, որ քաղաքապետարանը բազմիցս կատարել է գնումներ այդ ընկերությունից, այդ թվում՝ նախաձեռնելով մեկ անձից գնում, որը դեռ անցյալ տարի բազմիցս քննադատվեց:

Ի պատասխան՝ վարչությունից մեզ հայտնեցին. «Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված ԵՔ-ԲՄԱՊՁԲ-20/6 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում «ԿԱՄԱԶ Արմենիա» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) գնահատող հանձնաժողովի համապատասխան որոշմամբ (Գնահատող հանձնաժողովի արձանագրությունները հրապարակված են www.gnumner.am կայքում) 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ չափաբաժինների մասով ճանաչվել էր ընտրված (հաղթող մասնակից): 02.09.2020 թվականին գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին դիմել է ընկերությունը՝ հրաժարվելով 4-րդ և 5-րդ չափաբաժինների մասով պայմանագիր կնքելուց:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունը փաստացի խախտել է գնման ընթացակարգի հրավերով ստանձնած պարտավորությունները՝ Երևանի քաղաքապետարանը, հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետը՝ համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ օրենքով սահմանված կարգով օրենքի 50-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով սահմանված պահանջը կիրառելու  համար»:

Թեմայի շուրջ զրուցեցինք Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ․

«Այդ չափաբաժնի պայմանագրից հրաժարվել է, որը հանգեցրել է քաղաքապետարանի կողմից գնումների մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում ներառելուն: Քաղաքապետարանն այլ տարբերակ չուներ»:

Դ. Խաժակյանը նկատեց նաև, որ առավել մանրամասն կխոսի  Գնումների բողոքարկման խորհրդի կողմից կայացված համապատասխան որոշումից հետո՝ հիշեցնելով «Ֆակտորի Փրոդաքշնի» դեպքի մասին.

«Երբ մամուլը բազմիցս գրում էր, որ այն Երևանի քաղաքապետարանի «ֆավորիտային» կազմակերպություններից մեկն է, սակայն որոշակի խախտումների պատճառով քաղաքապետարանը դիմել էր Գնումների բողոքարկման խորհրդի (ԳԲԽ) «սև ցուցակ» ընդգրկելու համար, ինչը մերժվել էր ԳԲԽ-ի կողմից, իսկ քաղաքապետարանը չէր բողոքարկել այդ որոշումը»:

Հիշեցնենք, «ԿԱՄԱԶ Արմենիա» ընկերության անունը բազմիցս հոլովվեց անցյալ տարի, երբ կառավարությունը հավանություն տվեց «Գնման ընթացակարգերի կազմակերպման մասին» որոշման նախագծին, համաձայն որի՝ մեկ անձից գնման ընթացակարգով Երևանի քաղաքապետարանն աղբատար ավտոմեքենաներ գնեց «ԿԱՄԱԶ Արմենիա» ընկերությունից:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ սա նոր Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ քաղաքի և պետության մակարդակով հակամրցակցային համաձայնություն է տեղի ունեցել:

Իսկ դրանից ավելի ուշ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի դատախազությունը 9 «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև 24 աղբատար մեքենաների գնման գործընթացներում ՀՀ քրեական օրենսդրությամբ չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ տվյալներ ձեռք չի բերել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս