«Ալիևն ասում է` զորքերը հարձակվում են դեպի Շուշի. հարձակվողներին չեն փնտրում, նրանք գալիս են». Արծրուն Հովհաննիսյան

Երեկ ամբողջ գիշեր մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե չեն դադարել, չնայած ակտիվությունը գնացել է նվազման:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ մարտերի շարունակումը պայմանավորված էր նրանով, որ դիվերսիոն խմբերը գտնվում են Շուշի քաղաքի մերձակա անտառներում, համայնքներում, ճանապարհներին, ձորակներում և այլուր, և փորձում են լուծել որոշակի խնդիրներ:

Իսկ թե կոնկրետ ինչ խնդիր են փորձում լուծել, Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնեց.

«Առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ` հրետանու կիրառությամբ: Օրվա ընթացքում նաև ադրբեջանական զինված ուժերը հյուսիսում, կենտրոնական ուղղությունում, Կարմիր շուկայի հատվածում, հարավային ուղղությամբ և տարբեր այլ տեղերում փոքր գրոհող խմբերով, նվազագույն տեխնիկայով և հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գալ, բայց հետ են շպրտվել կրելով որոշակի կորուստներ: Ինչ վերաբերում է Շուշի քաղաքի մերձակա համայնքների, անտառների դիվերսիոն խմբերին, ապա նրանք հիմնականում հանդիպելով մեր զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը, հանգուցային կետերի պահակակետերին, պահպանության ստորաբաժանումներին, երկարատև մարտի չեն բռնվում: Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել, ոչնչացնել և կորուստների մատնելով շպրտել տվյալ բնագծից: Ադրբեջանի նախագահն ասում է, որ այդ զորքերը հարձակվում են դեպի Շուշի, բայց հարց` ինչպես է լինում, որ հարձակվողներին մենք մեկ-մեկ պիտի գտնենք և ոչնչացնենք: Ցանկացած տեսակի պատերազմի ժամանակ հարձակվողներին չեն փնտրում, նրանք գալիս են»:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են, և կարծիք հայտնեց, որ այս գիշեր էլ դրանք կլինեն ինչպես նախորդ գիշերը:

«Նախորդ գիշեր գտնվում էի Արցախում, և որոշակի ակտիվություն պահպանում էր նաև հրետանին: Իսկ դիվերսիոն խմբերի չեզոքացման ստորաբաժանումները, այսպես ասած, անտառների և բնակավայրերի մաքրողները, իրենց գործը շարունակում էին: Այն բոլոր դիվերսանտները, վարձկանները, որոնք ձգտում են դեպի նոյեմբերի 9-ի ձևական հաղթական կամ պայմանական ցուցադրության Ադրբեջանի դրոշի օրը, որ որոշակի տեղերում ներկայացնեն ադրբեջանական դրոշը և ոգին բարձրացնեն ադրբեջանական բանակի և վարձկանների, որոնք որևէ ուղղությամբ ոչ մի կերպ չեն կարողանում առաջանալ, դատապարտված են: Սա հատուկ Ալիևի մտահղացումն է, թե Էրդողանի, բայց մի բան պարզ է` վարձկանները, դիվերսիոն տարբեր խմբերը լինեն Ադրբեջանի ԶՈւ մշտական կազմից, թե այլ տեղերից, չեն հաջողելու իրենց փոքր խմբերով, որովհետև Շուշիի հարակից բնակավայրերի բնակիչները զենքերըը ձեռքներին պաշտպանում են իրենց բնակավայրերը: Այո, որոշ տեղերում մարտերը շարունակվել և շարունակվելու են, բայց իրավիճակն օրհասական չէ: Կան դժվարություններ` տեխնիկական, լոգիստիկ, բայց «գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է, և այդ ձորակները, անտառները նրանց համար դառնալու է դժոխքի ձոր»,-եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս