
ՌԴ-ն Անդրկովկասում ահաբեկչական անկլավի ձևավորման վտանգ է տեսնում

Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխումը չի կարող լրջորեն չանհանգստացնել Ռուսաստանին, քանի որ իրադարձությունների նման զարգացումը հեռանկարում հղի է Անդրկովկասում ահաբեկչական նոր անկլավի ձևավորմամբ: Նոյեմբերի 5-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ստացվող տեղեկությունների համաձայն՝ այս պահին իրականացվում է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխում, որոնց ձեռքերը թաթախված են արյան մեջ: Խոսքը գնում է արմատական տրամադրվածություն ունեցող վարձկանների մասին, նրանք դավանում են ջիհադիստական գաղափարախոսություն: Այս ամենը չի կարող մեզ մոտ լուրջ անհանգստություն չառաջացնել, քանի որ հեռանկարում իրադարձությունների այսպիսի զարգացումը հղի է ահաբեկչական նոր անկլավի ձևավորմամբ՝ այս անգամ արդեն Անդրկովկասում»,- հայտարարել է Զախարովան:
Նա հավելել է, որ Ռուսաստանն այս մասին բաց հայտարարել է անմիջապես այն բանից հետո, երբ ունեցել են համապատասխան տվյալներ: