Մի փորձեք կանխել վաղը ձեզ տրվելիք հարցերը. այս կամ այն դեպքում դրանք անպայման հնչելու են

Վերջին օրերին հաճախակի են դարձել իշխանական կամ իշխանամերձ տարբեր տրամաչափերի «գործիչների» հարձակումներն այս կամ այն լրատվամիջոցի հասցեին, որը «համարձակվել է» իշխանությունների քիմքին ոչ հաճո որևէ տող հրապարակել:

Քիչ էր մամուլի հրապարակումների ու ազատ խոսքի սահմանափակումների նպատակով հապշտապ ընդունված օրենսդրական փաթեթն ու դրան հետևած կառավարության որոշումը, որոնց արդյունքում լրատվամիջոցները տասնյակներով ծանուցագրեր են ստանում ոստիկանությունից այս կամ այն հրապարակումը հեռացնելու պահանջով, հիմա էլ այս կամ այն առանձնյակն է իրեն իրավունք վերապահում սաստել լրատվամիջոցներին ու ուժային այս կամ այն կառույցի ուշադրությունը հրավիրել:

Ընդ որում, որքան տվյալ առանձնյակը անկենսագրություն, մեր երկրի համար որևէ բան չարած, զրոյական ՕԳԳ-ով լինի, այնքան երկարաշունչ ու «սարսռազդու»  է լինում վերջինիս գրառումը:

Հանգստացեք, ուժային կառույցներին ինչ և երբ պետք է, լավ էլ տեսնում են:

Այնքան են մարդկանց էյֆորիայի, կեղծ պաթոսի «օվերդոզով» կերակրել, որ, երբ անգամ պատկառելի զինվորական կենսագրություն ունեցող մարդիկ են սթափության կոչ անում, անմիջապես դառնում են ֆեյքազոմբիական, աղանդավորական բանակի թիրախ, ու այնպես են քարկոծվում, ինչպես, թերևս, այդ մարդկանց կողմից չի հայհոյվել ոչ մի ադրբեջանցի ու ջիհադիստ:

Բայց մի հետաքրքիր օրինչափություն, այնուամենայնիվ, նկատվում է: Նշված բոլոր անձինք միանգամից ու կտրուկ հիշողության, լսողության ու տեսողության խավարումներ են ունենում, երբ, ասենք, իրենց սրտի պաշտոնյաները, լրատվամիջոցներն ու հասարակական–քաղաքական գործիչներն են դառնում ադրբեջանական պրոպագանդայի կարկառուն ջատագովներ, հասարակության ներսում պառակտիչներ ու անկումային տրամադրություններ սփռողներ:

Բայց մենք, թերևս, կթարմացնենք նրանց հիշողությունը ու ստորև կներկայացնենք տարատեսակ ճեպապատկերներ, որոնք կոնկրետ թիրախներ ունեցող քաղաքական, հանրային ու հասարակական գործիչները կամ չեն տեսել, կամ չեն ցանկացել տեսնել: Պարոնայք և տիկնայք, միշտ հիշեք, որ մեդալը երկու երես է ունենում, և այսօրվան միշտ հաջորդում է վաղը, որքան էլ որ դուք դա չցանկանաք:

Որևէ մեկը հիմար չէ, որքան էլ ժողովրդին պողոսներ անվանեք,  բոլորը հասկանում են, որ նման պաշտոնյաներին, անհատներին հանձնարարված է կանխել վաղը ժողովրդի, առանձին քաղաքացիների, գործիչների կողմից ձեզ տրվելիք հարցերը, բայց այդ հարցերը, որքան էլ որ ձեզ համար դա տանջալից լինի գիտակցել, այնուամենայնիվ, տրվելու են:

Իսկ մինչ այդ զբաղվեք ձեր անմիջական աշխատանքային ու պաշտոնեական պարտականություններից բխող գործառույթներով: Ու թեպետ ըստ էության ձեզ իրական աշխատանքով զբաղվելու համար չեն աշխատավարձ ու պարգևավճար տալիս, բայց դուք իմացեք՝ ճիշտը որն է:

Ճշմարտությունն ամենակարևորն է։

Տեսանյութեր

Լրահոս