Բաժիններ՝

Նորվեգիայի վարչապետը հայտարարել է COVID-19-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վտանգի մասին

Նորվեգիայի իշխանությունները կորցնում են վերահսկողությունը կորոնավիրուսի հետ կապված իրադրության նկատմամբ, նոր միջոցներ են հարկավոր վարակի տարածումը սահմանափակելու համար, հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը։

Ինչպես գրում է Guardian-ը, վարչապետը խորհրդարանում ազդարարել է նոր քովիդային սահմանափակումներ մտցնելու մասին:

Նորվեգիան երկար ժամանակ եղել է Եվրոպայի՝ կորոնավիրուսի տարածման առավել ցածր մակարդակ ունեցող երկրներից մեկը, սակայն հոկտեմբերին COVID-19-ով հիվանդացությունն սկսել է աճել եւ ռեկորդներ սահմանել:

«Մեզ մոտ սկսել է կտրուկ աճել կորոնավիրուսի դրական թեստերի թիվը, իրադրությունը դարձել է շատ լուրջ, եւ մենք սպասելու ժամանակ չունենք ստուգելու, թե արդյոք բավական արդյունավետ են եղել այն միջոցառումները, որոնք սահմանվել են անցած շաբաթ»,- ասել է Սոլբերգը:

Անցած շաբաթ երկրում սահմանափակել են զանգվածային միջոցառումների թվաքանակը, ինչպես նաեւ սահմանափակվել է աշխատանքային միգրանտների մուտքը:

Նոյեմբերի 5-ին Սոլբերգը առաջարկել է թույլ տալ տանը միաժամանակ ընդունել հինգ հոգուց ոչ ավելի հյուրերի, քաղաքացիներին հանձնարարել՝ չեղարկել ոչ պարտադիր ուղեւորությունները եւ բարերին արգելել է կեսգիշերից հետո աշխատել:

Օտարերկրացիներին երկիր թույլ կտան միայն կորոնավիրուսի բացասական թեստեր ներկայացնելով:

Բացի այդ, պաշտոնյաները հնարավոր են համարում, որ կսահմանափակեն առերես ուսուցումը դպրոցներում եւ համալսարաններում:

Անցյալ շաբաթ Նորվեգիայում գրանցվել Է COVID-19-ի 3118 նոր դեպք՝ մեկ շաբաթ առաջվա 1718-ի դիմաց: Worldometers-ի տվյալներով՝ ընդամենը Նորվեգիայում համավարակի սկսվելուց ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 22 հազար 578 դեպք, 282 հիվանդ մահացել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս