Խնդրի լուծումը ռազմադաշտում է․ կարծում եմ, զգում ենք՝ լինելու է բեկում․ Շավարշ Քոչարյան

Այս խնդրի լուծումը ռազմադաշտում է, սա ճշմարտություն է, որը պետք է ակնհայտ լինի բոլորիս համար և կախված մեր հաջողություններից: Ես կարծում եմ, որ բոլորս զգում ենք, որ մոտ ապագայում լինելու է բեկում, էապես փոխվելու է ամեն ինչ։ Այս մասին Ազգային ժողովում այսօր ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ շեշտելով, որ կործանարար կարող է լինել բոլորիս համար այն միտքը, որ կարող ենք մեր հույսը դնել ուրիշի վրա և ակնկալել, որ ուրիշը պետք է գա և  պայքարի մեր հողի համար։

ԱԳ փոխնախարարը նշեց, որ հայկական կողմը ռազմական առումով շատ ավելի ծանր վիճակում եղել է 90-ական թվականներին, սակայն կարողացել է հաղթել շնորհիվ համախմբվածության։

«Չեն եղել խուճապային ինչ-որ խոսակցություններ, ինչը եղել է Ադրբեջանում, ավելին ասեմ, այն պահից, երբ որևէ պետությունում իշխեցին ներքին խժդժությունները, խուճապային տրամադրությունները, այդ պետությունը միանշանակ պարտվելու է․ այն, ինչ մենք տեսանք 90-ականներին Ադրբեջանում։ Կարծում եմ, եթե լինենք հետևողական և վճռական, դա Ադրբեջանում չի բացառվի նաև հիմա»,- ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով պատերազմական իրավիճակում Հայաստանի և հարևան երկրների հարաբերություններին՝ փոխնախարարը նկատեց, որ հարևան Իրանն արդեն իսկ հայտնել է, որ իր համար կա կարմիր գիծ, որը չի հատելու, իսկ այդ կարմիր գիծն Իրան-Հայաստան սահմանն է, և գեոպոլիտիկ փոփոխություններն անընդունելի են, և վտանգի դեպքում Իրանը վճռական է լինելու գործելու հարցում։

Ըստ Քոչարյանի՝ նմանատիպ ազդակներ ստացել ենք նաև Ռուսաստանից։

«Այսինքն, ոչ միայն հարևանների հետ հարաբերություններում նահանջ չի եղել, այլ ֆիքսվել են այն խորքային գեոպոլիտիկ շահերը, որոնք ունեն մեր հարևանները, և այս տեսակետից, կարելի է ասել, որ ավելի լավ հիմք է ստեղծվել հարաբերությունների ապագա  զարացման համար»,- ասաց Շավարշ Քոչարյանը։

Տեսանյութեր

Լրահոս