Ոտքի կանգնենք, երբ մեր դիմաց գեներալ է…

ՀՀ պաշտպանության  նախկին նախարար և Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը պատերազմի առաջին օրերից՝ սեպտեմբերի 29-ից, գտնվում է Արցախում:

168.am-ի հետ զրույցում ավելի վաղ նա ասել էր, որ իր փորձառությամբ փորձում է կազմակերպչական տարբեր հարցերով  աջակցել Արցախի իշխանություններին:

2 օր առաջ, երբ ակտիվացել էին «Շուշին կորցնելու» հասարակական, սոցցանցային մտահոգությունները և խուճապը, հատկապես, երբ Արցախի ղեկավարությունից էլ դրանից առաջ  ասվել էր, որ թշնամին 5 կմ է հեռու բերդաքաղաքից, փորձեցի Սեյրան Օհանյանի մասնագիտական կարծիքն իմանալ՝ մի՞թե հնարավոր է  Շուշիի գրավումը թշնամու կողմից մարտավարական, ռազմական առումով՝ հաշվի առնելով, որ 1992-ին Օհանյանը Շուշիի օպերացիայի ղեկավար-մասնակիցներից է և ղեկավարել է Ջանհասան-Քյոսալար ուղղությունը:

Սեյրան Օհանյանը զերծ մնաց մեկնաբանությունից և հորդորեց հետևել պաշտոնական հայտարարություններին:

Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն տարածեց, որտեղ տեղեկացնում է, որ այցելել է  Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը:

Արայիկ Հարությունյանը հատուկ շնորհակալություն է հայտնում նաև «Արցախի հերոս», հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին: Սա, բնականաբար, ուրախալի փաստ է՝ գնահատվել են փորձառու զինվորականի  ռազմական կարողությունները:

Միաժամանակ, մեր աչքից բացասական առումով չվրիպեց մի կարևոր փաստ՝ լուսանկարի փոխանցած «միջավայրը», երբ գեներալ-գնդապետը կանգնած է, իսկ նրա դիմաց Արցախի նախագահը՝ նստած: Մինչդեռ չգրված և գրված տարբեր կանոններով գեներալ Սեյրան Օհանյանը կամ պետք է նստած զեկուցեր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, կամ Արայիկ Հարությունյանը կանգնած վիճակում լսեր նրան: Առնվազն նման լուսանկար չպետք է տեղադրվեր Արցախի նախագահի ֆեյսբուքյան էջում։

Այս խոսուն մանրուքը պետք է հաշվի առնվեր, հատկապես, երբ այդ ակնթարթը որոշվել է «անմահացնել», իսկ լուսանկարը թաքցնել չի սիրում… Ուրեմն՝ հարգենք իրար լուսանկարում և դրանից դուրս, և ոտքի կանգնենք, երբ մեր դիմաց գեներալ է, եթե անգամ նախկին բարձրաստիճան պաշտոնյա է…

Տեսանյութեր

Լրահոս