
«Շարունակելու ենք աշխատել նաև միջազգային համագործակցության միջոցով, և դա արդեն տեղի է ունենում». Զոհրաբ Մնացականյանը՝ ահաբեկիչների դեմ պայքարի մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ հայկական կողմի համար էական է զսպել այն ապակայունացնող քաղաքականությունը, որն արտահայտվել է տարածաշրջանում և անմիջապես Հայաստանի ու Արցախի դեմ։
«Այս առումով մենք շարունակելու ենք աշխատել շահագրգիռ կողմերի ու երկրների հետ, որոնց անհանգստացնում է այս իրողությունը, որը խիստ ապակայունացնող է և անմիջապես զգացվում է մեր տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է ահաբեկիչներին, այդ թեման ավելի սուր է և իրողություն դարձավ մեր տարածաշրջանում։ Այս առումով նույնպես պայքարելով դաշտում այդ երևույթի դեմ, մենք շարունակելու ենք աշխատել նաև միջազգային համագործակցության միջոցով, և արդեն դա տեղի է ունենում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Հարցին՝ ռուսական կողմը հայտարարել է, որ գործողություններին կարող է միջամտել այն ժամանակ, երբ դրանք տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք, արդյոք Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի հրետակոծությունից հետո չպե՞տք է միջամտի, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց.
«Որոշումներն ընդունվում են՝ ըստ գնահատման իրավիճակի։ Մենք գործում ենք՝ ըստ անհրաժեշտության, ըստ գնահատման՝ արդյունավետության առումով։ Այս պահի դրությամբ Հայաստանն իրականացնում է այն բոլոր գործառույթները, որոնք անհրաժեշտ է իրականացնել հիմա»։